Տրիեստ (սլովեն.՝ և խորվ.՝ Trst, լատին․՝ Tergeste, Tergestum), քաղաք և նավահանգիստ Հյուսիսային Իտալիայում, Ադրիատիկ ծովի ափին։ Կան նավի շարժիչների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում, սև մետալուրգիա, նավթավերամշակում, ցեմենտի, ապակու, թղթի, շուտի, սննդի արդյունաբերություն, համալսարան, ծովային, բնապատմական թանգարաններ։ Տրիեստում է տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը։ Հին ժամանակներում Տրիեստը եղել է Հռոմի գաղութը, 5-9-րդ դարերում տիրել են օստգոթերը, Բյուզանդիան, լանգոբարդները, ֆրանկները։ Միջին դարերում Տրիեստին շնորհիվ իր աշխարհագրական շահավետ դիրքի, նշանակալից առևտրրի կենտրոն էր։ 13-րդ դարում Տրիեստին տիրել է Վենետիկը, 1382-ին՝ ավստրիական Հաբսբուրգները, 1719-1891 թվականներին Տրիեստը ազատ նավահանգիստ էր։ 1797 և 1805 թվականներին օկուպացրել են ֆրանսիացիները, 1809 թվականին՝ գրավել, և մինչև 1813 թվականը Տրիեստը մտել է Ֆրանսիայից վասալական կախման մեջ գտնվող Իլլիրիական պրովինցիաների կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է Իտալիային։ 1943 թվականին զավթել են գերմանաֆաշիստական զորքերը, 1945-ի մայիսի 1-2-ին ազատագրել է հարավսլավոնական ժողովրդական-ազատագրական բանակը։ 1945-ին քաղաք են մտել անգլո-ամերիկյան զորքերը (որոնք մնացել են մինչև 1954 թվականը), 1947-1954 թվականներին Տրիեստը մի փոքր շրջանի հետ կոչվում էր «Տրիեստի ազատ տերիտորիա», որը լիկվիդացվեց 1954-ի իտալա-հարավսլավոնական համաձայնագրով։ Տրիեստը և նրան հարակից արևմտյան տարածքն անցան Իտալիային, իսկ Տրիեստից արևելք՝ Հարավսլավիային։ 1975-ին Հարավսլավիան և Իտալիան ստորագրեցին Տրիեստի շրջանում պետական սահմանի մասին պայմանագիրը։
Տրիեստում հայեր հաստատվել են 18-րդ դարի վերջին քառորդում, երբ ՎենետիկիՄխիթարյան միաբանության պառակտման (1772) հետևանքով, միաբանների մի խումբ՝ Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ եկել է Տրիեստ։ Ավստրիական արքունիքը հովանավորել է միաբաններին և թույլատրել այնտեղ հիմնել վանք, դպրոց, տպարան, որը սկսել է աշխատել 1776-ից և 35 տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան 70 անուն հայերեն գիրք, հիմնականում կրոն, բովանդակությամբ, նաև դասագրքեր, եվրոպական լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար)։ Միաբանությունը 1811-ին տեղափոխվել է Վիեննա։