Կրկնակտցար
Կրկնակտցար | |
Կրկնակտցար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Մորակտցարներ (Scolopacidae) |
Ցեղ | Gallinago |
Տեսակ | Կրկնակտցար (G. media) |
Միջազգային անվանում | |
Gallinago media | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Կրկնակտցար (լատին․՝ Gallinago media), մորակտցարների ընտանիքին պատկանող չվող-ձմեռող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարություն 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 47-50 սմ, կենդանի զանգվածը՝ 135-210 գ։ Մարմինը գեր է, կտուցը՝ երկար։ Պոչի եզրային փետուրները սպիտակ մեծ հատվածով են։ Մարմինը վերևից դարչնավուն է, փետուրները՝ սևավուն շերտերով և բաց գույնի երիզված։ Թևավերևի ծածկողների ծայրերը ջինջ սպիտակ են։ Մարմինը ներքևից աղոտ սպիտակ է, իսկ մարմնի ու փորի կողքերն ունեն խոշոր և մուգ դարչնագույն զոլեր։ Հետբնադրման շրջանում փետրավորումը թվացյալ ավելի մութ ու խամրած է։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգի պահին թռիչքը բեկբեկուն չէ, ուղիղ գծով թռչում է կարճ տարածություններ՝ թևերի խորը, դանդաղ թափահարումներով, վայրէջք է կատարում՝ անսպասելիորեն թաքստոցի մեջ ընկնելով։ Գետնի վրա չափազանց աննկատ է։ Բնակվում է գետերի, լճերի, ջրամբարների խոնավ ափերին և խոտածածկ թաց մարգագետիններում։ Գարնանային չուն դեպի հյուսիս է ապրիլի երկրորդ կեսից մինչև հունիս։ Հայաստանում միակ թռչունն է, որի որսը սահմանված է գարնանը։ Սակայն դա շատ սխալ է, որովհետև գարնանը թռչունի սեռական օրգանները գերհասունացած են, և նա շարժվում է դեպի հարազատ բնադրավայրեր՝ բազմանալու համար։ Աշխարհի բազմաթիվ երկիրներում սխալը շտկվել է, և գարնանային որսն արգելվում է։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է ջրային և ցամաքային անողնաշարավորներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Սկանդինավյան երկրներում, Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Հարավային Կովկասում։ Ձմեռում է Հարավային Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում, Արարատյան հարթավայրում, արհեստական ջրամբարների ափամերձ տարածքներում և Լոռվա մարզում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել թվաքանակը և դրա փոփոխման միտումները բացահայտելու համար։
Սպառնացող վտանգներից է չուի շրջանում որսագողությունը։
Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնակտցար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնակտցար» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |