Քերնս
Բնակավայր | ||
---|---|---|
Քերնս | ||
անգլ.՝ Cairns | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Cairns Region? | |
Հիմնադրված է | 1876 թ. | |
Մակերես | 488,1 կմ² | |
ԲԾՄ | 7 մետր | |
Բնակչություն | ▲153 181 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Փոստային դասիչ | 4870 | |
Պաշտոնական կայք | cairns.qld.gov.au | |
| ||
Քերնս (անգլ.՝ Cairns), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսարևելյան մասում, տեղական ինքնակառավարման համանուն շրջանի կենտրոնն է։ Շրջանի բնակչությունը, ըստ 2008 թվականի տվյալների, կազմում է մոտ 159 հազար մարդ[2]։ Քերնսը Ավստրալիայի տասնչորսերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Մոտակա խոշոր քաղաքը Թաունսվիլն է (գտնվում է 300 կմ դեպի հարավ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսը գտնվում է Քեյփ Յորքի թերակղզու արևելյան ափին՝ Կորալյան ծովի և Աթերտոնի սարահարթի միջև ընկած ափամերձ գոտում, որի միջին բարձրությունը ծովի մակարդակից 700 մետր է։ Սարահարթի և Քերնսի շրջանի միջև ձգվում է լեռնաշղթա, որի առանձին գագաթների բարձրությունը հասնում է 1500 մետրի, օրինակ՝ Բերթլ Ֆրիր լեռան (անգլ.՝ Bartle Frere Mount) բարձրությունը 1622 մ է։ Այս լեռնաշղթան կարևոր դեր է խաղում տարածաշրջանի կլիմայական գոտիների բաշխման հարցում։ Արևմտյան կողմում՝ Թեյբլլենդսի շրջանում (Աթերտոնի սարահարթում), տիրում է մերձարևադարձային կլիմա, արևելքում՝ Քերնսում՝ արևադարձային կլիմա։
Քաղաքը հարավից հյուսիս ձգվում է 35 կիլոմետր։ Քերնսի տարածքով անցնում են երկու գետեր՝ Բարոն (անգլ.՝ Barron River) և Մալգրեյվ (անգլ.՝ Mulgrave River): Նրանք, ինչպես շրջանի բոլոր մյուս գետերը, կարճ են և արագընթաց, սկիզբ են առնում Աթերտոնի սարահարթում։ Մալգրեյվ գետի գետաբերանը, որն այժմ փոխել է իր հունը, ինչպես պարզվել է, շատ հարմար է մեծ նավահանգստի կառուցման համար, ինչը մեծապես կանխորոշել է քաղաքի հաջող զարգացումը[3]։
Քերնսից 40 կիլոմետր հեռավորության վրա՝ Կորալյան ծովում, սկսվում է Մեծ արգելախութը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան եվրոպացիների ժամանումը Մաքքայ շրջանում ավանդաբար ապրել են վեյլուբարրա յիդինջի (անգլ.՝ Walubarra Yidinji) ցեղի ավստրալիացի աբորիգենները[4]։
1770 թվականին Ջեյմս Կուկն իր առաջին շուրջերկրյա նավարկության ժամանակ նկարագրել է Քերնսի ափը և նրա ծովածոցը անվանել «Տրինիտի» (անգլ.՝ Trinity Bay)։ Հաջորդ 100 տարիների ընթացքում նոր ծովային արշավախմբերը ավելի մանրամասն ուսումնասիրել են այս տարածքը և գտել հարմար վայր ապագա նավահանգստի համար։
Քերնսը հիմնադրվել է 1876 թվականին և անվանվել ի պատիվ Ուիլյամ Քերնսի (անգլ.՝ William Cairns), որը այդ ժամանակ եղել է Քվինսլենդի նահանգապետը։ Նոր առափնյա բնակավայր ստեղծելու անհրաժեշտությունը կապված էր Աթերտոնի սարահարթում ոսկու մեծ հանքավայրերի հայտնաբերման հետ Պալմեր (անգլ.՝ Palmer River) և Հոդքինսոն (անգլ.՝ Hodgkinson River) գետերի շրջանում և անագի՝ Հիերբերտ գետի մոտ (անգլ.՝ Herbert River)[5]: Պահանջվել է կառուցել ճանապարհներ հանքավայրերից մինչև ափ և նավահանգիստ՝ օգտակար հանածոների արտահանման համար։
Քերնսն ի սկզբանե մրցակցել է Պորտ Դուգլասի հետ (անգլ.՝ Port Douglas), որը 60 կմ դեպի հյուսիս տեղակայված նմանատիպ բնակավայր էր[6]։ Քերնսն իր դիրքերն ամրապնդել է մի շարք գյուղատնտեսական բարեփոխումների շնորհիվ։ Մոտակա գետերի հովիտները (Քերնսից դեպի հարավ և հյուսիս) սկսել են ակտիվորեն օգտագործվել գյուղատնտեսության և անասնաբուծության համար։ Շրջանի բնակչությունն աստիճանաբար ավելացել է, և 1885 թվականին շրջանն ստացել է ինքնակառավարման իրավունք[7]։
Շրջանի զարգացումը խթանող կարևոր իրադարձություն է եղել 1886 թվականին Աթերտոնի սարահարթում երկաթուղային գծի կառուցումը մինչև Հերբերտոն քաղաքը[8]։ Այս նախագիծն ապահովել է բազմաթիվ նոր աշխատատեղեր և խթանել նոր տարածքների յուրացումը։ Ցածրավայրերում սկսել են աճեցնել շաքարեղեգ, եգիպտացորեն, բրինձ, բանան և արքայախնձոր։ Սարահարթում զարգացել է կաթնամթերքի և արոտավայրերի տնտեսությունը, աճեցվել են պտուղները, այդ թվում՝ ավոկադո, գետնաելակ, ցիտրուսային մրգեր և մանգո։
Քերնսը աստիճանաբար ընդլայնվել է և դարձել տարածաշրջանային կենտրոն։ Մանգրովյան ճահիճները և ավազաթմբերը ծածկվել են քարհանքերի ժայռերով, երկաթուղու կառուցման թափոններով և անտառհատման մնացորդներով, նավահանգիստը ընդլայնվել է։ 1903 թվականին Քերնսի բնակչության թվաքանակը ավելացել է մինչև 3500 մարդ, և այն պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ[9]։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քերնսը դաշնակից ուժերի կողմից օգտագործվել է որպես միջանկյալ կետ՝ զորքերը Խաղաղ օվկիանոսի և Նոր Գվինեայի պատերազմական գոտիներ տեղափոխելու համար։ Երկրորդ աշխարհամարտից հետո Քերնսում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջային բիզնեսի զարգացման վրա։ 1984 թվականին բացվել է Քերնսի միջազգային օդանավակայանը։ 1997 թվականին հիմնադրվել է Քոնվենշն-կենտրոնը (անգլ.՝ Convention Center)՝ բազմաֆունկցիոնալ համալիր, որը համատեղում է համերգասրահը և փակ մարզադաշտը։ Զբոսաշրջության ենթակառուցվածքների հետագա զարգացումը նպաստել է քաղաքի համար միջազգային զբոսաշրջային կենտրոնի իմիջի ստեղծմանը։
Ներկայում զբոսաշրջության արդյունաբերությունն է, որ ամենամեծ եկամուտը բերում է Քերնսի շրջանի բյուջե։ Երկրորդ տեղում «շաքարի» արդյունաբերությունն է։ Քաղաքի շուրջն ընկած բոլոր ազատ հողերն օգտագործվում են շաքարեղեգի աճեցման համար։ Շրջանում տեղակայված են նաև եղեգի վերամշակման մի քանի գործարաններ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջության ոլորտը կարևոր դեր է խաղում շրջանի տնտեսության մեջ։ Օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունների թվով Քերնսը Ավստրալիայի չորրորդ շրջանն է՝ Սիդնեյից, Մելբուռնից և Բրիսբենից հետո[10]։ Այս տարածքում առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մեծ արգելախութը, Քվինսլենդի խոնավ արևադարձները և Աթերտոն սարահարթը, ինչպես նաև` Կորալյան ծովի արևադարձային կլիման և ավազոտ լողափերը։
Քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքը ներառում է մեծ թվով հյուրանոցներ, հանգստյան տներ, լողափեր, սրճարաններ և ռեստորաններ։ Քաղաքի կենտրոնական մասում ծովափի երկայնքով ձգվում է Էսպլանադան (անգլ.՝ Esplanade) զբոսանքի լայն բուլվարը։ Հետաքրքիր է, որ հենց այս վայրից ծովը չի երևում։ Դրա փոխարեն կարելի է տեսնել միայն հազվագյուտ բուսականությամբ ճահիճներ և այնտեղ զբոսնող հավալուսներ ու տառեղներ։
Քերնսի շրջակայքում կառուցվել են բազմաթիվ հատուկ զվարճանքի պարկեր և տեսարժան վայրեր, առաջարկվում են տարբեր էքսկուրսիաներ և ժամանցային շրջագայություններ։ Օրինակ, կան «գինու տուրեր», որոնք ներառում են այցելություններ գինեգործարաններ և տարբեր գինիների համտեսներ, իսկ «սուր զգացողությունների» սիրահարների համար առաջարկվում է էքսկուրսիա կոկորդիլոսների ֆերմայում (անգլ.՝ Hartley's Crocodile Adventures): Կարելի է այցելել Պարոնելլա պարկ (անգլ.՝ Paronella Park)՝ իսպանական ոճով ամրոց, որը կառուցվել է արևադարձային անտառի մեջտեղում։ Քաղաքն ունի իր կենդանաբանական այգին` Քերնսի արևադարձային կենդանաբանական այգին (անգլ.՝ Cairns Tropic Zoo) և Բուսաբանական այգին (անգլ.՝ Flecker Botanical Gardens): 2012 թվականի նոյեմբերին Քերնսը եղել է արևի լրիվ խավարման «մայրաքաղաք», որը տեսնելու համար քաղաք են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ։
Վտանգավոր կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսի շրջանի կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։ Դրա ներկայացուցիչներից շատերը վտանգավոր են մարդու համար։ Անտառում կարելի է հանդիպել թունավոր օձեր, սարդեր, մալարիայի մոծակներ և կոկորդիլոսներ։ Ափամերձ ջրերում ապրում են ծովային կոկորդիլոսներ, շնաձկներ և թունավոր ծովային օձեր։ Հյուսիսարևելյան Քուինսլենդի ափերին նոյեմբերից մայիս կտրուկ աճում է թունավոր մեդուզայի հանդիպելու հավանականությունը։ Այդ մասին նախազգուշացվում է ափի երկայնքով տեղակայված հատուկ նշանների միջոցով, լողալ խորհուրդ է տրվում միայն ցանկապատված լողափերում։ Այստեղ ապրում են տարբեր տեսակի թունավոր մեդուզաներ, այդ թվում՝ Chironex fleckeri, որի այրվածքից մահը վրա է հասնում երեք րոպեի ընթացքում, ինչպես նաև Կորներոտներ, մեդուզա իրուկանջի և պորտուգալական նավակ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արհեստական ծովալճակ (անգլ.՝ Swimming Lagoon), կառուցվել է Քերնսի կենտրոնական բիզնես թաղամասի մոտակայքում։ Այստեղ կարելի է արևայրուք ընդունել և անվտանգ լողալ մեծ արհեստական լողավազանում, որի խորությունը տատանվում է 0,8-ից 1,6 մետր։
- Լողափերը գտնվում են քաղաքի կենտրոնից հյուսիս։ Դրանք մոտ 10-ն են։ Դրանք սկսվում են քաղաքի սահմանագծից, ինչպիսիք են Հելլոուվեյզ Բիչը (անգլ.՝ Holloways Beach) կամ Թրինիթի Բիչը (անգլ.՝ Trinity Beach) և ավարտվում ամենահյուսիսային և վայրի ափով՝ Էլլիս Բիչ (անգլ.՝ Ellis Beach): Լողափերն ունեն լայն ավազոտ ափամերձ գոտի, լողալու տեղերը ցանկապատված են ցանցով, կա փրկարար ծառայություն։ Սովորաբար, լողափերը բաց են առավոտյան 9-ից երեկոյան 6-ը[11]։
- Մեծ արգելախութը կորալային խութերի ու կղզիների շղթա է Կորալյան ծովում։ Այն աշխարհի ամենագրավիչ վայրն է դայվինգով հետաքրքրվողների համար։ Գտնվում է քաղաքից մեկ ժամից քիչ հեռավորության վրա։ Զբոսաշրջիկների համար մատչելի են ծովային և օդային էքսկուրսիաներ և հատուկ դայվինգ-շրջայցեր։
- Դաինթրի Ռեյնֆորեստը (անգլ.՝ Daintree Rainforest), արևադարձային անտառ է, որը գտնվում է Քերնս քաղաքի մերձակայքում, Քվինսլենդի խոնավ արևադարձներների մի մասն է։ Անտառում ստեղծվել է ազգային պարկ (անգլ.՝ Daintree National Park), որը պահպանվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարածք։
- Աթերտոն սարահարթ, սարավանդ է, որն սկսվում է Քերսից 50 կմ դեպի արևմուտք։ Այն հայտնի է իր գեղեցիկ լանդշաֆտներով, լճերով, հանգած հրաբուխների խառնարաններով, բուսական և կենդանական եզակի աշխարհով։
- Կուրանդա (անգլ.՝ Kuranda), փոքր քաղաք է Քերնսից 30 կմ դեպի հյուսիս։ «Կուրանդա-տուր» հատուկ շրջագայության ժամանակ զբոսաշրջիկները կարող են հին գնացքով կատարել զբոսանք հին ուղու («Կուրանդա-Սցենիկ») երկայնքով՝ անցնելով թունելներով և ձորերով, ջրվեժների և անձրևային անտառների մոտով։ Կուրանդայում կարելի է այցելել հուշանվերների խանութներ, ռեստորաններ կամ արևադարձային թիթեռների բուծման վայր։ Դրանից հետո զբոսաշրջիկներին առաջարկվում է իջնել ծով 7 կիլոմետրանոց ճոպանուղով, որն անցնում է անանցանելի անտառի վերևով։ Ներքև կարելի է այցելել Ավստրալիայի աբորիգենների գյուղ Տջապուկաի (անգլ.՝ Tjapukai), որտեղ ոչ միայն կարող եք տեսնել, թե ինչպես են ավստրալիացիները երգում և պարում կամ ինչպես են նրանք շփման միջոցով կրակ վառում, այլ նաև սովորել նիզակ և բումերանգ նետել։ Նաև կարելի է ինքնուրույն Քերնսից Կուրանդա ուղևորվել մեքենայով կամ ավտոբուսով։
Ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվինսլենդի ողջ տարածքում խոշոր ջրամբարների բացակայության պատճառով լինում են ժամանակահատվածներ, երբ նահանգի տարբեր շրջաններում զգացվում է քաղցրահամ ջրի պակաս։ Մի քանի կարճ, բայց ամբողջ տարին հոսող գետերի և 2200 մմ տեղումների շնորհիվ Քերնսը խուսափել է այդ խնդիրներից։ Շրջանի բնակչության աճին զուգահեռ ավելացել է նաև ջրի ծախսը, և անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու արհեստական ջրամբար։
1976 թվականին Ֆրեշվոթեր Կրիկ (անգլ.՝ Freshwater Creek) փոքր լեռնային գետակի վրա կառուցվել է «Քուպպերլոուդ» (անգլ.՝ Copperlode Dam) ամբարտակը։ Գոյացած լիճը կոչվել է «Մորիս» (անգլ.՝ Luke Morris)։ Այն գտնվում է Քերնսի կենտրոնական գործարար շրջանից 12 կմ արևմուտք և պարունակում է 37,1 մլն մ³ ջուր[12]։
Էներգետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին Բարոն գետի վրա կառուցվել է Բարոն-Գոջ հիդրոէլեկտրակայանը (անգլ.՝ Barron Gorge): Էլեկտրակայանը գտնվում է քաղաքից 20 կմ հեռավորության վրա, հագեցած է երկու տուրբինով, էլեկտրական հզորությունը` 60 ՄՎտ[13]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսը կարևոր տրանսպորտային հանգույց է Քվինսլենդի հյուսիսում։ Քաղաքի տարածքով անցնում են մայրուղիներ, երկաթուղի, իսկ նրա մերձակայքում տեղակայված են միջազգային օդանավակայան և ծովային նավահանգիստ։
Ավտոտրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսի բնակիչների համար ավտոտրանսպորտը տրանսպորտի հիմնական տեսակն է։ Բրյուսի մայրուղին (անգլ.՝ Bruce Highway) սկիզբ է առնում Բրիսբենում, 1700 կմ ձգվում է Քվինսլենդի ծովափի երկայնքով և ավարտվում Քերնսում։ Դրանից հետո դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Մոսմեն, ձգվում է Կապիտան Կուկի մայրուղին։ Ներկայում տարածքում բնակիչների թվի աճի պատճառով շատ մայրուղիներ ծանրաբեռնված են, ինչպիսին է Բրյուսի մայրուղին հարավային արվարձաններում։
Արևմտյան ուղղությամբ՝ Աթերտոն սարահարթ, տանում են «Քենեդի» (անգլ․՝ Kennedy) մայրուղին և Գորդոնվեյլ (անգլ․՝ Gordonvale) խճուղին։ Այդ ճանապարհներով կարելի է Քեյփ Յորք թերակղզու կենտրոնական և հյուսիսային մասերում գտնվող բնակավայրեր և հարևան նահանգի՝ Հյուսիսային տարածքի քաղաքներ։
Քերնսում գործում է միջքաղաքային ավտոբուսային ծառայություն։ Գործում են ավտոբուսային երթուղիներ դեպի Բրիսբենին և շրջանային կենտրոններ հարավում։ Երթուղիներ կան նաև դեպի արևմուտք՝ մինչև Մաունթ Այզ Թաունսվիլով և դեպի Ալիս Սփրինգս և Դարվին (Հյուսիսային տարածք)։
Քաղաքի հասարակական տրանսպորտը ներառում է ավտոբուսային հաղորդակցություն քաղաքի բոլոր հիմնական շրջանների, ափամերձ գոտու և հարևան քաղաքների միջև, շուրջօրյա կարելի է օգտվել տաքսի ծառայություններից։
Երկաթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսում ավարտվում է Նորթ Քոսթ (անգլ.՝ North Coast railway line) երկաթգիծը, որն սկիզբ է առնում Բրիսբենում և Քվինսլենդի ծովափի երկայնքով ձգվում դեպի հյուսիս։ Ամբողջ ճանապարհն անցնելը տևում է 32 ժամ։ Բրիսբենից Թաունսվիլ գնացքը գնում է առավելագույն արագությամբ՝ 160 կմ/ժամ։ Ճանապարհորդության վերջին հատվածը Թաունսվիլ և Քերնս քաղաքների միջև ընկած հատվածում գնացքն անցնում է 7 ժամում դիզելային քարշուժով և 80 կմ/ժ-ից պակաս առավելագույն արագությամբ, չնայած այդ հեռավորությունը մեքենայով անցնելու համար պահանջվում է ընդամենը 4 ժամ։
Քերնսից մինչև Կուրանդա քաղաք (անգլ.՝ Kuranda) զբոսաշրջիկների համար գործում է երկաթուղի` Կուրանդա Սցենիկ (անգլ.՝ Kuranda Scenic Railway): Երկաթգիծն անցնում էն հարևան լեռների երկայնքով և թույլ է տալիս հիանալ քաղաքի, արևադարձային անտառների, լեռնային ջրվեժների տեսարաններով։
Նավահանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսի նավահանգիստը տեղակայված է Թրինիթի Ինլեթ (անգլ.՝ Trinity Inlet) փոքրիկ ծովախորշում՝ Թրինիթի Բեյ ծոցում, որը Կորալյան ծովի ամենամեծ ծոցն է։ Քերնսի նավահանգիստը համատեղում է ծովային բեռնափոխադրման նավահանգիստը և մասնավոր նավակների և զբոսանավերի կառամատույցները (անգլ.՝ Cairns Marina): Նավահանգիստը քաղաքի տուրիստական բիզնեսի ամենակարևոր բաղադրիչն է։ Ամեն օր նավահանգստից դեպի Մեծ արգելախութ են մեկնում էքսկուրսիոն զբոսանավեր, որոնք կարող են տեղավորել մինչև 300 ուղևոր, ինչպես նաև փոքր մասնավոր նավակներ։ Նավանհանգիստ են մտնում նաև խոշոր նավարկության նավեր, որոնք նավարկվում են Խաղաղ օվկիանոսի հարավում։ Քերնսի և Պորտ Դուգլասի, հարևան ափամերձ այլ տարածքների ու խոշոր կղզիների միջև գործում են կանոնավոր լաստանավային ծառայություններ։
Ամեն տարի Քերնսի բեռնատար նավահանգստով անցնում են 1,13 մլն տոննա տարբեր բեռներ։ Նրանց գրեթե 90 %-ը սորուն կամ հեղուկ է, ներառյալ՝ նավթ, շաքար, մելասա, պարարտանյութեր, հեղուկ նավթային գազ։ Նավահանգստում կան նաև մեծ թվով ձկնորսական տրաուլերներ։
Քերնսում է գտնվում Ավստրալիայի ռազմածովային նավատորմի բազան, որտեղ գտնվում են 900 զինծառայողներ և 14 ռազմանավեր, ներառյալ չորս «Արմիդեյլ» տիպի պարեկային նավեր, «Բալիկապան» տիպի դեսանտային վեց նավերից չորսը և ռազմական հիդրոգրաֆիական ծառայության բոլոր վեց նավերը (անգլ.՝ Royal Australian Navy Hydrographic Service)[14]։
Օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսի միջազգային օդանավակայանը կարևոր դեր ունի տեղական տուրիստական բիզնեսի համար։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում և երկրի վեցերորդ օդանավակայանն է՝ ուղևորափոխադրումների տեսանկյունից[15]։ Ամենածանրաբեռնված ներքին չվերթներն են (նվազման կարգով) Բրիսբենը, Սիդնեյը, Մելբուռնը։ Միջազգային ամենաշատ թռիչքներն են դեպի Նարիթա միջազգային օդանավակայան և Տյուբույի միջազգային օդանավակայան։ Օդանավակայանը նաև Թռչող բժիշկների ծառայության (անգլ.՝ Flying Doctor Service) բազան է և այստեղ տեղակայված են փրկարարական ծառայության ուղղաթիռներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերնսը, ըստ Կյոպպենի դասակարգման, գտնվում է տաք արևադարձային կլիմայի գոտում[16][17]։ Արևադարձային մուսոններով անձրևոտ եղանակը տևում է դեկտեմբերից ապրիլ, իսկ համեմատաբար չոր եղանակը` մայիսից նոյեմբեր, չնայած այս ամիսներին անձրևները նույնպես շատ են[18]։ Միջին հաշվով, Քերնսում տեղումները լինում են տարեկան մոտ 2200 մմ։
Արևադարձային անձրևները հաճախ դառնում են Քերնսի երկու գետերի՝ Բերոնի և Մալգրեյվի վարարումների պատճառ։ Գետերի ջուրը կարող է ծածկել երկաթուղին և դեպի քաղաք տանող մայրուղին և դրանով իսկ կտրել կապն արտաքին աշխարհի հետ։
Քերնսը, ինչպես հյուսիսային Քվինսլենդի այլ տարածքներ, գտնվում է արևադարձային ցիկլոնների շարժման ճանապարհին, որոնք սովորաբար ձևավորվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում։ Վերջին ուժեղ արևադարձային ցիկլոններից մեկը եղել է Լարրի ցիկլոնը (անգլ.՝ Cyclone Larry), որի ամենաուժեղ հարվածը հասել է Քերնսի հարավային շրջաններին 2006 թվականի մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 7-ին[19]։ Քամու արագությունը հասել է 300 կմ/ժամ, և փոթորկին տրվել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիան։ Քերնսում և նրա արվարձաններում վնասվել է յուրաքանչյուր չորրորդ շենքը։
Քերնսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.4 (104.7) |
40.0 (104) |
37.7 (99.9) |
36.8 (98.2) |
31.3 (88.3) |
30.8 (87.4) |
30.1 (86.2) |
31.4 (88.5) |
33.9 (93) |
36.0 (96.8) |
42.6 (108.7) |
40.5 (104.9) |
42.6 (108.7) |
Միջին բարձր °C (°F) | 31.7 (89.1) |
31.4 (88.5) |
30.9 (87.6) |
29.6 (85.3) |
28.0 (82.4) |
26.5 (79.7) |
26.2 (79.2) |
27.0 (80.6) |
28.7 (83.7) |
29.9 (85.8) |
31.1 (88) |
31.7 (89.1) |
29.39 (84.92) |
Միջին օրական °C (°F) | 27.9 (82.2) |
27.8 (82) |
27.1 (80.8) |
25.8 (78.4) |
24.1 (75.4) |
22.5 (72.5) |
21.7 (71.1) |
22.2 (72) |
23.8 (74.8) |
25.4 (77.7) |
26.8 (80.2) |
27.7 (81.9) |
25.23 (77.42) |
Միջին ցածր °C (°F) | 24.0 (75.2) |
24.1 (75.4) |
23.3 (73.9) |
21.9 (71.4) |
20.2 (68.4) |
18.5 (65.3) |
17.2 (63) |
17.3 (63.1) |
18.8 (65.8) |
20.8 (69.4) |
22.5 (72.5) |
23.6 (74.5) |
21.02 (69.83) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 18.2 (64.8) |
17.9 (64.2) |
17.7 (63.9) |
13.0 (55.4) |
10.1 (50.2) |
6.2 (43.2) |
7.3 (45.1) |
7.8 (46) |
9.3 (48.7) |
12.4 (54.3) |
14.6 (58.3) |
17.1 (62.8) |
6.2 (43.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 384.9 (15.154) |
482.0 (18.976) |
374.4 (14.74) |
182.0 (7.165) |
78.6 (3.094) |
42.7 (1.681) |
35.2 (1.386) |
27.2 (1.071) |
28.1 (1.106) |
65.6 (2.583) |
86.1 (3.39) |
185.5 (7.303) |
1981,5 (78,012) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 19.5 | 18.7 | 18.3 | 18.1 | 13.9 | 11.3 | 9.2 | 8.0 | 6.5 | 9.2 | 11.7 | 14.6 | 159 |
Միջին ամսական արևային ժամ | 210.8 | 173.6 | 201.5 | 204.0 | 210.8 | 216.0 | 229.4 | 251.1 | 261.0 | 272.8 | 255.0 | 232.5 | 2718,5 |
աղբյուր: Bureau of Meteorology[20] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Կենտրոնական հյուրանոց», Քերնս
-
Քերնսի առափնյա շրջաբ
-
Ծովափ, Քերնս
-
«Բերրոն» ջրվեժ, Կուրանդա, Քերնս
-
Արևադարձային անտառ, Աթերթոն սարահարթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL303001
- ↑ Australian Bureau of Statistics
- ↑ Cairns City Council Արխիվացված 2007-09-11 Wayback Machine
- ↑ Native Title Conference 2007 Արխիվացված 2008-12-11 Wayback Machine
- ↑ Warners expedition notes published Brisbane Courier 14.4.1876
- ↑ Cairns Post Cairns Post Jubilee Issue 1.11.1876 p18/38
- ↑ The Cairns Post, 23.7.1885 p2
- ↑ The Cairns Post, 13.5.1886 p2
- ↑ CMC minute book «from 31 March 1903 Cairns Municipal Council became Cairns Town Council»
- ↑ International Market Tourism Facts Արխիվացված 2008-03-07 Archive-It
- ↑ «Foreshores & Beaches». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Cairns Regional Council Water & Waste». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Barron Gorge Hydro». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ HMAS Cairns
- ↑ «BITRE — publications and events». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Tapper, Andrew; Tapper, Nigel (1996). Gray, Kathleen (ed.). The weather and climate of Australia and New Zealand (First ed.). Melbourne, Australia: Oxford University Press. էջ 300. ISBN 0-19-553393-3.
- ↑ Linacre, Edward; Geerts, Bart (1997). Climates and Weather Explained. London: Routledge. էջ 379. ISBN 0-415-12519-7.
- ↑ «Climate of Cairns». Bureau of Meteorology. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Tropical Cyclone Larry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Climate statistics for Cairns Aero AWS». Bureau of Meteorology. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cairns City Council — Քերնսի քաղաքային խորհուրդ (անգլ.)
- Cairns Airport — Քերնսի օդանավակայան (անգլ.)
- Cairns Esplanade — Քերնսի տեսարժան վայրեր (անգլ.)
- Paronella Park — Պարոնելա Պարկա (անգլ.)
- Hartley’s Crocodile Adventures — Կոկորդիլոսի ֆերմա (անգլ.)
- Skyrail — Ճոպանուղի, լուսանկար և տեսանյութ (անգլ.)
- Cairns Ports — Քերնսի նավահանգիստ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերնս» հոդվածին։ |
|