Ռոստիսլավ Զախարով
Ռոստիսլավ Զախարով ռուս.՝ Захаров Ростислав Владимирович | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1907 |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 15, 1984[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող, թատերական ռեժիսոր, բալետի ուսուցիչ, հրապարակախոս և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Rostislav Zakharov Վիքիպահեստում |
Ռոստիսլավ Զախարով (ռուս.՝ Ростисла́в Заха́ров, օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1907, Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1984[2], Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի խորհրդային արտիստ, բալետմաստեր, օպերային ռեժիսոր, մանկավարժ, բալետի մասին գրքերի հեղինակ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969 ), Ստալինյան երկու մրցանակիի առաջին աստիճանի դափնեկիր (1943, 1946 թվականներ) արվեստաբանության դոկտոր (1970 թվական)[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստիսլավ Զախարովը ծնվել է Աստրախանում։ Նրա հայրը մի փոքր նավի նավապետ էր, ազատ ժամանակ նվագում էր մանդոլին, բալալայկա և այլ գործիքներ, տանը կազմակերպում էր սիրողական նվագախումբ։ Մայրը` Օլգա Նիկոլաևան, բեմադրում էր սիրողական ներկայացումներ, որոնցից մեկում Ռոստիսլավ Զախարովը պարում էր ռուսական պարեղանակի տակ[5]։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պետրոգրադ և սենյակ է վարձում Նևսկի պողոտայում[6]։ Երբ նրա քրոջը` Ելենային, ծնողները տանում են բալետային մանկավարժ Ալեքսանդր Չեկրիգին` մոտ ստուգատեսի, Զախարովը խնդրում է նրանց իրեն էլ տանել։ Չեկրիգինը միաժամանակ ստուգում է նաև Ռոստիսլավի տվյալները և համառորեն խորհուրդ է տալիս ընդունել նրան բալետի դպրոց[7]։
1920 Զախարովն ընդունվել է պետական ակադեմիական թատերական բալետային ուսումնարան, իսկ նրա քույրը չի ընդունվել` քննությունները ձախողելու պատճառով։ Նրա ուսուցիչներից էր Վլադիմիր Պոնոմարյովը, որը տալիս էր դասական պարի դասեր, Ալեքսանդր Շիրյաևը, որը դասավանդում էր բնորոշ պար և Լեոնիդ Լեոնտևը, որն ուսուցանում էր մնջախաղ։ 1926 թվականին հաջող կատարել է բենգալացու դերը «Թալիսման» ավարտական բալետում[7]։
Նույն թվականին ուղարկվել է Խարկովի նորաբաց պետական մայրաքաղաքային օպերային թատրոն, որն ղեկավարում էին Վլադիմիր Ռյաբցևն ու Ասաֆ Մեսսերերը, որոնք խումբը համալրել էին մայրաքաղաքային ուսումնարանների շրջանավարտներով։ Խաղացանկը նույնպես կազմված էր լենինգրադյան և մոսկովյան թատրոնների բալետներից։ Զախարովի առաջնախաղը կայացել է «Սապատավոր ձիուկ» բալետում` ուկրաինական պարով[7]։ Տարվա վերջում խումբը տեղափոխել է Կիևի պետական ակադեմիական ուկրաինական օպերա։ Զախարովն զբաղված էր «Կարապի լիճ» բալետում, որտեղ կատարել է պա-դե-տռուա և մենակատարի դերը հունգարական պարում։ Զախարովը միջսեզոնի ժամանակ հանդես է եկել հյուրախաղային ելույթներով և ինքնուրույն համարներ է բեմադրել։
1927 թվականին, չլքելով թատրոնը, հիմնադրել է Կիևի բալետային ստուդիան, որտեղ ուսուցանել է դասական և զույգ պարերի հիմունքները իր ապագա կնոջ` Մարիա Սմիրնովայի հետ։ Ստուդիայի բազայի վրա ստեղծել և բեմադրել է իր առաջին` մեկ գործողությամբ կատարվող «Նավաստի» բալետը[7] իր սեփական սցենարով, որտեղ կատարել է կապիտանի դերը։ Դրանց հաջորդել է բալետ Ռիկարդո Դրիգոյի «Առլեկինադայի» մոտիվներով և համերգային ծրագիր, որը կազմված էր «Ֆաուստ» և «Իշխան Իգոր» օպերաների համարներից։
1929 թվականի ամռանը հրավիրվել է Սարատովի երաժշտական կոմեդիայի և բալետի թատրոն, որտեղ բեմադրել է «Դոն Կխոտ» բալետը։ Փորձի պակաս զգալով` նույն թվականի աշնանը ընդունվել է Լենինգրադի բեմական արվեստի տեխնիկումի ռեժիսորական բաժինը, Վլադիմիր Սոլովյովի կուրսը և այնտեղ սովորել է մինչև 1932 թվականը[7]։ Համատեղել է ուսումը և Լենինգրադի պետական էստրադայում արտիստի և բեմադրողի աշխատանքը, թատրոնի ներկայացումների համար պարեր է բեմադրել Ս. Է. Ռադլովայի ղեկավարությամբ, Էստրադային-կրկեսային տեխնիկումում ղեկավարել է դերասանի վարպետության դասարանը, որտեղ նույնպես իրականացրել է բեմադրությունների շարք. նրա աշակերտը եղել է Սերգեյ Ֆիլիպովը[6][7]։
1934-1936 թվականներին բալետմաստեր է եղել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում։ Արդեն առաջին թատերաշրջանում իրականացրել է «Բախչիսարայի շատրվան» բալետի բեմադրությունը` սկիզբ դնելով խորհրդային խորեոգրաֆիկ «պուշկինապատմանը» և հայտնելով աշխարհին ռեժիսորական աշխատանքների նոր մեթոդի մասին[3][4]։ Դրանում կիրառում է գտել Ստանիսլավսկու համակարգը, որի երկրպագուն էր Զախարովը[5]։ Ներկայացման հաջողությունն այնքան մեծ էր, որ արդեն առաջին գործողությունից հետո ռեժիսորին կանչում էին բեմ բիսի, ոչ պակաս ջերմությամբ նրան ընդունել են նաև արտասահմանյան հյուրախաղերում[6]։
1936 թվականին Զախարովը հրավիրվել է Մեծ թատրոն, որտեղ աշխատել է որպես բալետմաստեր և օպերային ռեժիսոր ընդհուպ մինչև 1956 թվականը։ 1936-1939 թվականներին ղեկավարել է բալետային խումբ[4]։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին թատրոնն էվակուացվել էր Կույբիշև, որտեղ 1942 թվականին Կույբիշևի օպերային թատրոնի բեմում Զախարովը բեմադրել է «Վիլհելմ Տելլ» օպերան[6]։ 1943 թվականին նա արժանացել է Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի և այդ մրցանակը հանձնել պաշտպանության ֆոնդ[5]։ 1942 թվականին թատրոնում բացվել է Փորձարարական թատերական ստուդիա, որը մինչև 1945 թվականը ղեկավարել է հենց ինքը` Զախարովը։ 1943 թվականին խումբը վերադարձել է Մոսկվա։ Խորհրդային բանակի հաղթանակը թատրոնը տոնել է Զախարովի բեմադրությամբ «Մոխրոտիկը» բալետով, որի առաջնախաղը հաջողությամբ անցկացվել է 1945 թվականի աշնանը[6]։
Նույն թվականին Սերգեյ Էյզենշտեյնը հրավիրել է նրան բեմադրել օպրիչնիկների հայտնի պարը «Իվան ահեղի» երկրորդ մասում` Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ, սակայն ֆիլմում օգտագործվել է Զախարովի բեմադրած տեսարաններից մի փոքր մասը[7]։ 15 տարի անց նա Ալեքսանդր Ռոուի հետ համատեղ նկարահանել է «Բյուրեղապակյա մաշիկ» ֆիլմ-բալետը` իր բեմադրած «Մոխրոտիկի» մոտիվներով։ 1947 թվականից նա կանոնավոր կերպով մասնակցել է երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոններին` որպես խորեոգրաֆիկ խմբի գլխավոր բալետմաստեր, եղել է խորհրդային պատվիրակությունների ղեկավարներից մեկը[7]։
1945-1947 թվականներին եղել է Մոսկվայի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1948 թվականին էքստեռն ավարտել է Լենինգրադի թատերական ուսումնարանի ռեժիսորական բաժինը, Բորիս Զոնայի դասարանը[3][4]։ 1946 թվականին հիմնադրել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի խորեոգրաֆիայի ամբիոնը։ 1951 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Իր աշակերտների կազմում էին խորհրդային և արտասահմանյան բալետային թատրոնի գործիչներ, որոնցից էին Իգոր Սմիրնովը, Խաջիսմել Վարզիեևը, Գաֆար Վալամատ-Զադեն, Ալեքսանդր Լապաուրին, Նատալյա Կոնյուսը, Միխայիլ Լավրովսկին, Բուլատ Այուխանովը, Անատոլի Բորզովը, Նատալյա Սոկովիկովան, Դինա Ժուրկինան, Ան Սոն Խին (Հյուսիսային Կորեա), Նադեժդա Կիրաջիևան (Բուլղարիա), Յիրժի Բլաժեկը և Մարիլենա Տոտովան (Չեխոսլովակիա), Վերա Բոկկադորոն (Ֆրանսիա) և ուրիշներ։
1956 թվականին խմբում եղած կոնֆլիկտի պատճառով ստիպված հեռացել է Մեծ թատրոնից[6]։ Դրանից հետո աշխատել է խորհրդային հանրապետություններում և արտասահմանում, բեմադրել է բալետներ Պրահայի, Բելգրադի, Զագրեբի, Բուդապեշտում թատրոններում։ 1957 թվականին հանդես է եկել որպես Մոսկվայի երիտասարդների և ուսանողների վեցերորդ համաշխարհային փառատոնի եզրափակիչ համերգի ռեժիսոր[7]։ Ակտիվորեն տպագրվել է, բալետին նվիրված գրքերի, հոդվածների և գրախոսությունների հեղինակ է։ 1951 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Ռոստիսլավ Զախարովը մահացել է Մոսկվայում, 1984 թվականի հունվարի 15-ին։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը` Մարիա Սմիրնովա (1905—1983 թվականներ), բալետի պարուհի և խորեոգրաֆ։
- Որդին` Վլադիմիր Զախարով (1931—1989 թվականներ)։
- Թոռնուհին` Օլգա Զախարովա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1927 թվական` «Սապատավոր ձիուկ» (Կեսար Պունի), ուկրաինական պար։
- «Կորսար» (երաժշտությունը` Ադոլֆ Ադանի, Լեո Դելիբի, Ռիկարդո Դրիգոյի, Կեսար Պունիի)` ծովահեն։
- Համերգային համար «Ծովային պար»
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 թվական` «Բախչիսարայի շատրվանը» (Բ. Ասաֆև
- 1935 թվական` Պարեր օպերայում («Հուգենոտներ» օպերա, Ջակոմո Մեյերբեր)
- 1936 թվական` «Կորցրած պատրանքներ» (Բ. Ասաֆև)
- 1949 թվական` «Պղնձե հեծյալ» (Ռեյնգոլդ Գլիեր, ըստ Օնորե դը Բալզակի վեպի)
- 1949 թվական` «Կարմիր կակաչ» (Ռեյնգոլդ Գլիեր)
- 1964 թվական` «Նավահանգիստ մտավ «Ռուսաստանը»» (Վասիլի Սոլովյով-Սեդոյ)
Բալետներ
- 1936, 1944, 1954 թվականներ` «Բախչիսարյի շատրվանը» (Բորիս Ասաֆև)
- 1938 թվական` «Կովկասյան գերին» (Բ. Ասաֆև)
- 1940 թվական` «Դոն Կիխոտ» (Լյուդվիգ Մինկուս)
- 1941 թվական` «Տարաս բուլբա» (Վասիլի Սոլովյով-Սեդոյ)
- 1945 թվական` «Մոխրոտիկը» (Սերգեյ Պրոկոֆև)
- 1946 թվական` «Օրիորդ-գեջկուհի» (Բ. Ասաֆև)
- 1949 թվական` «Պղնձե հեծյալ» (Ռեյնգոլդ Գլիեր)
- 1951 թվական` Գիշերը լերկ ժայռի վրա (երաժշտության հեղինակ` Մոդեստ Մուսորգսկի)
Օպերաներ
- 1937 թվական` «Ռուսլան և Լյուդմիլա» (Միխայիլ Գլինկա)
- 1942 թվական` «Վիլհելմ Տելլ» (Ջոակինո Ռոսսինի)
- 1943, 1953 թվականներ` «Կարմեն» (Ժորժ Բիզե)
Պարեր օպերաներում
- 1936, 1945` Կյանքը հանուն ցարի (Միխայիլ Գլինկա)
- 1937` «Հերկած խոպան» (Իվան Ձերժինսկի)
- 1939, 1942, 1945 թվականներ` «Ռուսլան և Լյուդմիլա» (Միխայիլ Գլինկա)
- 1942, 1943 թվականներ` «Տրավիատա» (Ջուզեպպե Վերդի)
- 1942, 1943 թվականներ` «Եվգենի Օնեգին» (Պյոտր Չայկովսկի)
- 1951 թվական` «Աիդա» (Ջուզեպպե Վերդի)
- 1952 թվական` «Սորոչինյան տոնավաճառ» (Մոդեստ Մուսորգսկի)
- 1959 թվական` «Ջալիլ» (Ն. Գ. Ժիգանով)
- 1969 թվական` «Պատերազմ և խաղաղություն» (Սերգեյ Պրոկոֆև)
- «ԻշխանԻգոր» (Ալեքսանդր Բորոդին)
- «Ֆաուստ» (Շառլ Գունո)
- Այլ թատրոններ
Բալետներ
- «Բախչիսարայի շատրվանը» (Բորիս Ասաֆև, 1952 թվական` Բուդապեշտ, 1955 թվական` Պրահա, 1958 թվական` Հելսինկի, 1958 թվական` Ալմա-Աթա, 1961 թվական` Բելգրադ)
- «Մոխրոտիկը» (Սերգեյ Պրոկոֆև, 957 թվական` Հելսինկի, 1964 թվական` Մինկս)
- «Թանկ բարեկամություն» (Ն. Տլենդիև և Լ. Ստեպանովա)
- «Կարապի լիճ» (Պյոտր Չայկովսկի, 1962 թվական` Զագրեբ)
- «Ժողովրդի դուստրը» («Տատյանա») (Ա. Կրեյն, Կիևի օպերայի և բալետի թատրոն)
Օպերաներ
- «Ռուսլան և Լյուդմիլա» (Միխայիլ Գլինկա, 1956 թվական` Պրահա)
Հեղինակած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բալետմաստերի արվեստ», 1954
- «Զրույցներ պարի մասին», 1963
- «Բալետմաստերի աշխատանքը կատարողների հետ», 1967
- «Բալետմաստերի գրառումներ», 1976
- «Խոսք պարի մասին», 1977
- «Պարի ստեղծում. Ուսուցչական փորձի էջեր», 1983
- «Պարի ստեղծում. Ուսուցչական փորձի էջեր» Երկրորդ հրատարակչություն, 1989
- «Խորհրդային բալետ»
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՍՖՀ վաստակավոր արվեստի գործիչ (1948 թվական)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1951 թվական)
- Ղազախստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1959)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1943), պարգևատրվել է «Վիլհելմ Տելլ» օպերային ներկայացման համար
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1946), պարգևատրվել է Ս. Պրոկոֆևի «Մոխրոտիկը» բալետային ներկայացման բեմադրության համար
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1976)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1937)
- Պատվո շքանշան (1959)
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքների համար»
- Մեդալ «Սխրանքի համար։ Ի նշանավորումն Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակի»
- Մեդալ «Մոսկվայի 800-ամյակի առթիվ»
- Արվեստագիտության դոկտոր (1970)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Захаров Ростислав Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Захаров Ростислав Владимирович // Энциклопедия балета
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Захаров, Ростислав Владимирович // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 2.
- ↑ 5,0 5,1 5,2 Захаров Р. В. Слово о танце. — М.: Молодая гвардия, 1979. — С. 6—8, 65—69. — 159 с.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Ростислав Захаров. По системе Станиславского». Культура. 2007. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Ивашнев В. И., Ильина К. В. Ростислав Захаров: Жизнь в танце. — М.: Советская Россия, 1982. — С. 3—27, 179—226. — 240 с.
- ↑ «Захаров Ростислав Владимирович». Где дремлют мёртвые...
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստիսլավ Զախարով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 1984 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հրապարակախոսներ
- Արվեստագիտության դոկտորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային խորեոգրաֆներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- Խորհրդային օպերային ռեժիսորներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային բալետի արտիստներ
- Խորհրդային արվեստագետներ
- Ոչ գեղարվեստական գրողներ