Խառատային հաստոցներ
Խառատային հաստոցներ, պտտման մարմինների տեսք ունեցող շինվածքները շրջատաշմամբ մշակող հաստոցներ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խառատային հաստոցներն ըստ նշանակության, տեխնոլոգիական հնարավորությունների և այլ հատկանիշների լինում են.
- ունիվերսալ խառատային և խառատա-պտուտակահան,
- խառատադարձուկային,
- բազմակտրիչ,
- պատճենահան միաիլ և բազմաիլ ավտոմատ,
- խառատա-կարուսելային
- և այլ տիպերի։
Հիմանական մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խառատային հաստոցներով կատարվում են արտաքին գլանային, կոնական և ձևավոր մակերևույթների շրջատաշում, ներքին մակերևույթների ներտաշում, ճակատամասերի մշակում, կտորահատում, կտրիչներով ու պարուրակիչներով արտաքին ու ներքին պարուրակների մշակում, անցքերի գայլիկոնում և այլն։ Ամենաշատ տարածված խառատային հաստոցները ունիվերսալ խառատա-պտուտակահան հաստոցներն են (կան նաև մասնագիտացված և հատուկ խառատային հաստոցներ)։
Ունիվերսալ խառատա-պտուտակահան հաստոցներ հիմնական հանգույցներն են.
- հենոցը,
- առջևի կամ իլի թամբը,
- փոխովի ատամնանիվներով կիթառը,
- սուպորտը, գոգնոցը,
- հետին թամբը,
- արագ տեղաշարժերի հաղորդակը,
- հովացնող հեղուկի համակարգը,
- հաստոցի էլեկտրասարքավորումը։
Հենոցը ծառայում է հաստոցի մյուս բոլոր հանգույցների տեղակայման համար։ Նրա վրա ամրանում են առջևի թամբը և մատուցումների տուփը։ Հենոցի երկարությամբ հատուկ ուղղորդիչներով տեղաշարժվում են ետին թամբը և սուպորտը։ Հենոցը իր պատվանդաններով տեղադվում է հիմքի կամ թրթռամեկուսիչ հենարանների վրա։ Առջևի թամբն ամրացվում է հենոցի ձախ մասի վրա և ծառայում է մշակվող շինվածքի ամրակապման ու դրան պտտական շարժում հաղորդելու համար։ Առջևի թամբի մեջ հավաքվում են արագությունների տուփը, իլը իր հենարաններով, դարձափոխի, արգելակիչ և այլ մեխանիզմներ։ Փոխովի ատամնանիվներով կիթառը տեղադրվում է հաստոցի ձախ ճակատամասի վրա՝ պահպանիչ պատյանի տակ և պտտական շարժումը առջևի թամբից հաղորդում մատուցումների տուփին։ Մատուցումների տուփը ամրացվում է հենոցի առջևի մասի ձախ կողմին և պտտական շարժումը հաղորդում է ընթացքային պտուտակին կամ ընթացքային լիսեռին։ Կիթառի և մատուցումների տուփի տարբեր լարումներն ապահովում են կտրող գործիքի մատուցումների անհրաժեշտ մեծությունները։
Սուպորտը ծառայում է կտրող գործիքի ամրակապման և նրան անհրաժեշտ տեղաշարժեր հաղորդելու համար։ Սուպորտի երկայնական սահնակի տեղաշարժը հենոցի ուղղորդիչներով ապահովում է կտրիչի երկայնական մատուցումները, իսկ լայնական սահնակի տեղաշարժը՝ երկայնական սահնակի համապատասխան ուղղորդիչներով՝ լայնական մատուցումները։ Վերին սահնակը դարձող մասի հետ կարող է կենտրոնների առանցքի նկատմամբ տեղակայվել անկյան տակ։ Սուպորտի երկայնական և լայնական տեղաշարժերը կատարվում են մեխանիկական հաղորդակով կամ ձեռքով։ Գոգնոցը հենոցի առջևի կողմից ամրանում է սուպորտի երկայնական սահնակին և ծառայում ընթացքային պտուտակի կամ ընթացքային լիսեռի պտտական շարժումը սուպորտի ուղղագիծ շարժման փոխակերպելու և վերջինիս ուղղությունը փոփոխելու համար։ Ետին թամբը ծառայում է մշակման ժամանակ նախապատրաստուկը կենտրոնում պահելու, ինչպես նաև անցքեր մշակելիս գայլիկոնիչ գործիքներն ամրացնելու համար։
Արագ տեղաշարժերի հաղորդակը տեղադրված է հենոցի աջ ճակատին և ծառայում է սուպորտի պարապ ընթացքների ժամանակը կրճատելու համար։ Այս հաղորդակը պտտական շարժումը հաղորդում է ընթացքային լիսեռին։ Հովացնող հեղուկի համակարգը կիրառվում է տաշեղի և նախապատրաստուկի ու կտրող գործիքի համապատասխան մակերևույթների միջև շփումը փոքրացնելու, կտրման գոտուց ջերմությունը հեռացնելու համար։
Կտրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կտրող գործիքներ խառատային հաստոցներում օգտագործվում են.
- ճակատատաշ,
- կտորահատ,
- ներտաշ,
- ձևավոր,
- պարոլրակահատ կտրիչներ,
- ներպարուրակիչներ,
- արտապարուրակիչներ,
- գայլիկոններ,
- անցքալայնիչներ,
- անցքակոկիչներ
- և այլն։
Խառատային հաստոցների վրա նախապատրաստուկի ճշգրիտ տեղակայման և հուսալի ամրակապման համար կիրառվում են զանազան հարմարանքներ (կենտրոններ, կապիչներ, հենամահիկներ և այլն)։
Արտադրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՍՍՀՄ-ում արտադրվել են տարբեր չափերի ունիվերսալ խառատային հաստոցներ, որոնցով կարելի է մշակել մինչև 4000 մմ տրամագիծ և 20000 մմ երկարություն ունեցող նախապատրաստուկներ։ Հայաստանում խառատային հաստոցներ սկսել են արտադրել 1945 թվականից։ Հայ մասնագետներն առաջին խառատա-պտուտակահան հաստոցն ստեղծել են 1955-ին, Ֆ. Է. Ձերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանում։ Խառատային հաստոցներ արտադրվում են նաև Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում։ Ժամանակակից խառատային հաստոցներ թողարկվում են ծրագրային կառավարման համակարգերով և հնարավորություն են տալիս լրիվ ավտոմատացնել մշակման պրոցեսը՝ ռեժիմների փոփոխմամբ, չափերի և մակերևույթների ստացման ճշգրտության ապահովմամբ և այլն (տես Ծրագրային կառավարման հաստոցներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 31)։ |