Jump to content

Էլ Էսկորիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլ Էսկորիալ (այլ կիրառումներ)
Էլ Էսկորիալ
Բնօրինակ անվանում El Escorial
ԴիրքՍան Լորենսո դե Էլ Էսկորիալ
Մոտակա քաղաքՄադրիդ
Տարածք33327 մ²
Բարձրություն ծ. մ.1028 մ
Կառուցվել է1563
Կառուցման նպատակպատմամշակութային համալիր
ՃարտարապետԽուան Բաուտիստա դե Տոլեդո
Կառավարող մարմինՎարչական նախարարություն
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն
Պաշտոնական անուն Monastery and Site of the Escorial
Տեսակմշակութային հուշարձան
Չափանիշi, ii, vi
Նախագծվել է1984
Մաս է կազմումԵվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի Համաշխարհային ժառանգության
Գրանցահամար318
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան
Պաշտոնական անվանում՝ Monasterio de San Lorenzo
ՏեսակԱրքայական սեփականություն
ՉափանիշՀուշարձան
Նախագծվել էՀունիսի 3, 1931
Գրանցահամար(R.I.) - 51 - 0001064 - 00000
Քարտեզ
Քարտեզ

Էլ Էսկորիալ (իսպ.՝ El Escorial), պատմամշակութային համալիր, որի մեջ մտնում են վանք, պալատ, բազիլիկ եկեղեցի, պանթեոն, թանգարան և գրադարան։ Գտնվում է Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ քաղաքում՝ Մադրիդից ոչ շատ հեռու՝ մոտ 45 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Սիեռա դե Գուադառամա լեռների լանջին։ Կառուցվել է 1563-1584 թվականներին։

Պալատն իսպանական թագավորական ընտանիքի նստավայրն էր, բազիլիկը՝ Իսպանիայի թագավորների դամբարանը և վանքը, որը կառուցվել է Սան Խերոնիմոյի վանականների կողմից, այժմ Սուրբ Ավգուստին վանականների նստավայրն է։

Համարվում է Իսպանիայի և Եվրոպայի Վերածննդի դարաշրջանի յուրահատուկ ճարտարագիտական կոթողներից մեկը։ Զբաղեցնելով 33.327 մ² տարածք՝ գտնվում է Սիեռա դե Գուադառամա լեռնաշղթայի Աբանտոս լեռնագագաթի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 1028 մ բարձրության վրա։ Համարվում է Ազգային ժառանգություն։

Հայտնի է նաև որպես Սան Լորենսո Էլ Ռեալ վանք կամ պարզապես Էլ Էսկորիալ անվամբ։ Նախագծվել է 16-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպ II թագավորի և նրա ճարտարապետի՝ Խուան Բաուտիստա դե Տոլեդոյի կողմից[1]։ Հետագայում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ճարտարապետներ Խուան դե Էռերան, Խուան դե Մինխարեսը, Ջիովաննի Բատիստա Կաստելյոն (Էլ Բերգամասկո) և Ֆրանսիսկո դե Մորան։ Արքան ցանկանում էր բազմաֆունկցիոնալ վանքային և պալատական համալիր, որը նախագծված լինելով Խուան Բատիստա դե Տոլեդոյի կողմից, իրենից ներկայացնում էր Էռերա ոճի կառույց։

16-րդ դարի վերջերից իր չափերի, գործառութային բարդությամբ և խորհրդանշական մեծ նշանակություն ունենալու համար համարվել է աշխարհի 8-րդ հրաշալիք։

Համալիրի նկարները, քանդակները, կրոնական զարդաքանդակները և այլ առարկաներն այն դարձնում են նաև յուրօրինակ թանգարան։ Էլ Էսկորիալի պատկերագրությունն ու պատկերագիտությունը պատմաբանների, երկրպագուների և քննադատների կողմից տարբեր ձևով են մեկնաբանվում։ Համալիրն իր ստեղծողի՝ Ֆիլիպ II արքայի գաղափարների և կամքի մարմնացումն է։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկորիալի պատմությունն սկսվում է 1557 թվականի օգոստոսի 10-ից, երբ Ֆիլիպ II-ի զորքը ջախջախեց ֆրանսիացիներին Ֆլանդրիայում՝ Սենտ Կանտենի ճակատամարտում[2]։ Մարտի ընթացքում իսպանացի զինվորները վնասեցին Սուրբ Լավրենտի վանքը, ով ծնունդով իսպանացի էր։ Իսպանացիները շատ էին երկրպագում նրան՝ հատկապես տաժանակիր մահվան համար․ նրան կենդանի այրել էին երկաթե ճաղավանդակի վրա, և Ֆիլիպ II-ը որոշեց նրա պատվին վանք կառուցել։ Պալատական նոր համալիրը պետք է արտացոլեր իսպանական միապետության և զենքի ողջ ուժը՝ հիշեցնելով իսպանացիների հաղթանակի մասին Սենտ Կանտենում։ Աստիճանաբար ծրագրերն ընդլայնվեցին՝ կառույցի հետ մեկտեղ։ Որոշվեց իրագործել Կառլ V-ի պատգամը․ կառուցել դինաստիական պանթեոն, ինչպես նաև վանքը միացնել արքայական պալատի հետ և այդպես արտահայտել իսպանական աբսոլյուտիզմի քաղաքական դոկտրինան։ Թագավորը 2 ճարտարապետի, 2 գիտնականի և 2 քարտաշի ուղարկեց նոր վանքի համար տեղ փնտրելու, բայց այնպիսի վայր, որ ոչ շատ շոգ լիներ, ոչ շատ ցուրտ և ոչ էլ շատ հեռու նոր մայրաքաղաքից։ 1 տարվա փնտրտուքից հետո նրանք վերջապես գտան այն վայրը, որտեղ որ այժմ Էլ Էսկորիալն է։

Բացի Սուրբ Լավրենտի հանդեպ ունեցած մոլուցքից, Ֆիլիպ II-ը աչքի էր ընկնում ինքնամփոփությամբ, մելանխոլիկությամբ, խորը կրոնապաշտությամբ և վատառողջությամբ։ Նա այնպիսի մի վայր էր փնտրում, որտեղ կարող էր հանգստանալ աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկի արքայի մտահոգություններից։ Ցանկանում էր ապրել ոչ թե սպասավորներով շրջապատված, այլ վանականներով․ բացի թագավորական նստավայրից, Էսկորիալը պետք է առաջին հերթին դառնար Սուրբ Խերոնիմոյի վանականների վանքը։ Ֆիլիպ II-ն ասում էր, որ ցանկանում է կառուցել «պալատ՝ Աստծո և խրճիթ՝ թագավորի համար»։ Նա ոչ ոքի թույլ չէր տալիս իր կյանքի ընթացքում գրել իր կենսագրությունը․ ըստ էության՝ նա ինքը գրեց իր ինքնակենսագրությունը և գրեց քարի մեջ։ Կայսրության հաղթանակներն ու պարտությունները, մահերի և ողբերգությունների հաջորդականությունը, գիտելիքի, արվեստի, աղոթքների և պետության ղեկավարման նկատմամբ թագավորի մոլուցքն արտացոլվեց Էսկորիալի մեջ։ Վիթխարի տաճարի կենտրոնական դիրքը խորհրդանշում էր արքայի այն հավատը, որ բոլոր քաղաքական գործողություններում անհրաժեշտ է առաջնորդվել կրոնական համոզմունքներով։

Էսկորիալի հատակի նախագիծը

Առաջին քարը դրվել է 1563 թվականին։ Շինարարությունը տևեց 21 տարի։ Նախագծի առաջին ճարտարապետը Խուան Բաուտիստա դե Տոլեդոն էր՝ Միքելանջելոյի աշակերտը, իսկ նրա մահվանից հետո՝ 1569 թվականին, այդ գործը հանձնարարեցին Խուան դե Էռերային, ում և պատկանում են նախագծի վերջնական գաղափարները։ Համալիրն իրենից ներկայացնում էր գրեթե քառակուսի կառույց, որի կենտրոնում գտնվում էր եկեղեցին, հարավում՝ վանքը, հյուսիսում՝ պալատը․ յուրաքանչյուր կառույցի համար նախատեսվում էր սեփական ներքին բակ։ Նախագծի վրա համալիրը ճաղավանդակի տեսք ուներ, որի վրա այրվել էր Սուրբ Լավրենտը[2]։

Ֆիլիպը հետևում էր նախագծման և շինարարության բոլոր փուլերին։ Կոնցեպտուալ տեսանկյունից մեծ նշանակություն ուներ ճարտարապետական ոճի ընտրությունը։ Ֆիլիպ II-ին անհրաժեշտ էր ընդգծել իր կայսրության՝ միջնադարյան անցյալի հետ կապի խզումը և դրա եվրոպական նշանակությունը։ Այդ պահանջին առավելագույնս համապատասխանում էր Վերածննդի դարաշրջանի արխայիկ ճարտարապետությունը։

Շինարարության համար օգտագործում էին ամենալավ նյութերն ու ընտրվում էին թերակղզու և այլ երկրների լավագույն վարպետները։ Փայտե փորագրություններն արվեցին Կուենկայում և Ավիլայում, մարմարը բերվեց Արասենայից, քանդակները պատվիրվեցին Միլանում, բրոնզե և արծաթե իրերը պատրաստվում էին Տոլեդոյում, Սարագոսայում, Ֆլանդրիայում։ 1584 թվականի դեկտեմբերի 13-ին տեղադրվեց համալիրի վերջին քարը, որից հետո գործի անցան գեղանկարիչներն ու ձևավորողները, որոնց թվում էին իտալացիներ Պ․ Տիբալդինին, Լուկա Կամբիազոն, Ֆ․ Կաստելլոն և այլն։

Շինարարության ավարտից հետո էլ Ֆիլիպ II-ը հանգիստ չէր թողնում Էսկորիալը։ Այստեղ նա հավաքեց իսպանացի և եվրոպացի գեղանկարիչների աշխատանքների մեծ մասը, այստեղ էին բերվում թանկարժեք գրքերն ու ձեռագրերը։ Ֆիլիպ II-ի մահից հետ հավաքածուներն արդեն շարունակում էին համալրվել իր ժառանգների կողմից։ Մինչև այժմ էլ այնտեղ են պահվում Տիցիանի, Էլ Գրեկոյի, Ֆրանսիսկո դե Սուրբարանի, Խոսե դը Ռիբերայի, Տինտորետտոյի, Ալոնսո Սանչես Կոելիոյի աշխատանքները[3]։

Արքայի պալատը ի տարբերություն մեծ զինվորական սրահների շքեղության և պանթեոնի մռայլ ճոխության՝ բավականին հասարակ էին զարդարված։ Վերանորոգումը կատարվել էր իսպանական տների ավանդական ոճով՝ կղմինդրե հատակ, ողորկ պատեր, որը համապատասխանում էր Ֆիլիպ միապետի ստեղծված կերպարին։

Տեսարան դեպի Էլ Էսկորիալ Աբանտոս լեռան վրայից
Տեսարան դեպի Էլ Էսկորիալ Աբանտոս լեռան վրայից


Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ Էսկորիալի առաստաղը

Էսկորիալը փայլուն ձևով իրականացրեց բոլոր գաղափարները, որոնք իր մեջ էին դրվել։ Ֆիլիպ II-ն այնքան էր սիրում Էսկորիալը, որ մահամերձ վիճակում հրամայեց իրեն տանել համալիր։

Այն դարձավ պալատային համալիրների նմուշ, որը կրկնօրինակում էին իսպանական հաջորդ թագավորները։

Էսկորիալն իրենից ներկայացնում է ուղղանկյուն՝ 208 × 162 մ։ Իր մեջ ընդգրկում է 15 պատկերասրահ, 16 պատիո (ներքին բակ), 13 ժամատուն, 300 խուց, 86 աստիճան, 9 աշտարակ, 2673 լուսամուտ, 1200 դուռ և ավելի քան 1600 նկարներից պատրաստված հավաքածու։ Կա կարծիք, որ կառույցն իր ձևով շրջած թավա է հիշեցնում, որը կառուցվել է ի հիշատակ սուրբ Լավրենտի, ում կենդանի այրեցին։

Վանատան հյուսիսային և արևմտյան պատերը շրջապատված են մեծ հրապարակով, որը կոչվում է լոնխա (իսպ.՝ lonja), իսկ հյուսիսային և արևելյան մասերում այգիներ են, որտեղից բացվում է տեսարան դեպի վանական դաշտեր, պտղատու այգիներ, որոնցից այն կողմ էլ Մադրիդի շրջակայքն է։ Ֆրաիլես այգում (իսպ.՝ Jardin de los Frailes) տեղակայված է Ֆիլիպ II-ի արձանը։ Այս այգում են հանգստացել վանականներն աշխատանքից հետո։ Այգուց աջ առողջարան է։

Էսկորիալում կա 2 նոր մեծ թանգարան։ Նրանցից մեկում ներկայացված է Էսկորիալի կառուցման պատմությունը նկարներով, նախագծերով, աշխատանքային գործիքներով և մասշտաբային մոդելներով։ Երկրորդում՝ 9 սենյակներում, պահվում են 15-17-րդ դարերի կտավներ՝ Բոսխից Վերոնեզե, Տինտորետտոյից վան Դեյք, ինչպես նաև իսպանական դպրոցի գեղանկարներ։ Հաբսբուրգներին այդ պատճառով համարում են իրենց ժամանակի՝ արվեստի մեծագույն հովանավորներ։ Հատկապես շատ են ֆլամանդական դպրոցի ներկայացուցիչների և Տիցիանի՝ Կառլ V-ի պալատական նկարչի գործերը։

Պանթեոն

Ֆիլիպ II-ի կողմից Էսկորիալը կառուցելու նպատակներից մեկը հոր՝ Կառլ V-ի համար դամբարան կառուցելն էր[2], ում աճյունը տեղափոխվեց համալիր 1586 թվականին։ Սակայն բրոնզից, մարմարից և հասպիսից դամբարանը կառուցվեց միայն Ֆիլիպ III արքայի կողմից 1617 թվականին։ Այստեղ են հանգչում Իսպանիայի բոլոր թագավորները՝ սկսած Կառլ V-ից, բացի Ֆիլիպ V-ից, ով տանել չէր կարողանում Էսկորիալի մռայլությունը և խնդրեց իրեն թաղել Սեգովիայում և բացի Ֆերդինանդ VI-ից, ում գերեզմանը գտնվում է Մադրիդում։ Այստեղ են թաղված նաև այն թագուհիները, ովքեր արու զավակներ են ունեցել։ Հակառակ կողմում է գտնվում 19-րդ դարում կառուցված արքայազների դամբարանը, որտեղ թաղում են արքայազներին, արքայադուստրերին և այն թագավորներին, ում զավակները գահ չեն ժառանգել։

Էսկորիալում 3 գերեզման դատարկ է․ դրանք նախատեսված են թագավորական ընտանիքի արդեն մահացած 3 անդամների համար, ում աճյունները, սովորույթի համաձայն, այժմ հանգչում են հատուկ պուդրիդերո (իսպ.՝ pudridero) կոչվող խցում, որտեղ կարող են մուտք գործել միայն Էսկորիալի վանահայրերը։ Այդ երեքն են՝ Ալֆոնսո XIII-ի կինը՝ Վիկտորիա Եվգենիա Բատենբերգսկայան, նրանց որդին՝ Խուան Բուրբոնը և վերջինիս կինը՝ Մարիա դե լաս Մերսեդեսը (նախկին արքա Խուան Կարլոսի հայրն ու մայրը)։ Ըստ կանոնի՝ նրանք չպետք է թաղվեն թագավորական պանթեոնում, սակայն նրանց համար բացառություն է արվել։ Այլ դատարկ գերեզմաններ չկան պանթեոնում և որպես վիճելի հարց է մնում, թե որտեղ պետք է թաղվեն այժմյան թագավորն ու թագուհին և իրենց ժառանգները։

Էլ Էկորիալի բազիլիկը

Այն ժամանակ, երբ որոշ այցելուներ հիացած էին արտահայտվում Էսկորիալի մասին, մնացածին տաճարի պերճաշուքությունը ճնշում էր։ Ֆրանսիացի գրող և մտավորական Թեոֆիլ Գոթիեն գրել է․

Էսկորիալի տաճարում քեզ այնպես ապշահար ես զգում, այնպես տրտում, մելանխոլիկ և ճնշված անասելի ուժով, որ աղոթքը բոլորովին անզոր է թվում։

Առաստաղի և 43 խորանների կողքի ֆրեսկաները իսպանացի և իտալացի վարպետների ձեռքի գործն են։ Գլխավոր՝ խորանի հետևի կերպարը, նախագծել է Էսկորիալի ճարտարապետներից մեկը՝ Խուան դե Էռերան։ Հասպիսե և մարմարե սյուների միջև կախված են Քրիստոսի, Մարիա Աստվածածնի և սրբերի կյանքից դրվագներ պատկերող նկարներ։ Մյուս կողմում են գտնվում թագավորական հանգստավայրերը, Կառլ V-ի, Ֆիլիպ II-ի և նրանց ընտանիքների քանդակները, որտեղ վերջիններս պատկերված են աղոթելիս։

Էլ Էսկորիալի գրադարանը

Էսկորիալի գրադարանը զիջում է միայն Վատիկանի գրադարանին։ Այստեղ են պահվում սուրբ Ավգուստինի, Ալֆոնսո Մուդրոգոյի և սուրբ Թերեզայի ձեռագրերը, աշխարհում ամենամեծ արաբական մանրանկարները, օրհներգերի պատկերազարդ ժողովածուները և միջնադարից սկսվող պատմական և քարտեզագրական աշխատանքները։ Սա միակ գրադարանն է աշխարհում, որտեղ գրքերը հակառակ կողմով են դրվում, որպեսզի ավելի լավ պահպանվեն զարդակապերը։ Հռոմի պապ Գրիգոր XIII-ը նախազգուշացրեց, որ յուրաքանչյուր ոք, ով այնտեղից գիրք կգողանա, կվտարվի եկեղեցուց։ Այժմ ցուցադրված գրքերի մեծ մասը բնօրինակների պատճեններն են։

Առաստաղի պատկերը, որն արել է Տիբալդին և իր դուստրը, խորհրդանշում են 7 գիտությունները՝ քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա, թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն։ 2 գլխավոր գիտություններին՝ աստվածաբանությանը և փիլիսոփայությանն են նվիրված վերջին պատերը։

Բուրբոնների իշխանության ժամանակ բնակելի տարածքների մի մասը վերակառուցվեց և վանքի մոտ 2 ոչ շատ մեծ պալատ կառուցվեց, որոնք օգտագործվում էին որպես որսի նախապատրաստման վայր և հյուրասենյակներ։

Էսկորիալի գրադարանում է աշխատել հայտնի իսպանացի արաբագետ Խոսե Անտոնիո Կոնդեն։

Էսկորիալ համալիրի հարևանությամբ հիմնադրվել է Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ քաղաքը։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է մոտ 19 000 մարդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mary Crawford Volk; Kubler, George (1987 թ․ մարտի 1). «Building the Escorial». The Art Bulletin. The Art Bulletin, Vol. 69, No. 1. 69 (1): 150–153. doi:10.2307/3051093. JSTOR 3051093.
  2. 2,0 2,1 2,2 Fodor's Review (2008). «Real Monasterio de San Lorenzo de El Escorial». Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  3. Tenth International Symposium on High Performance Computer Architecture (2004). «El Escorial» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Испания. Окно в мир. М: ЭКОМ-ПРЕСС, 1998.
  • История культуры стран Западной Европы в Эпоху Возрождения / под. ред. Л. М. Брагиной. М.: Высшая школа, 2001.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Էսկորիալ» հոդվածին։