Էդուարդ VI
Էդուարդ VI Edward VI | |||
| |||
---|---|---|---|
1547 թվականի հունվարի 28 - 1553 թվականի հուլիսի 6 | |||
Նախորդող | Հենրի VIII | ||
Հաջորդող | Ջեյն Գրեյ | ||
| |||
1547 թվականի հունվարի 28 - 1553 թվականի հուլիսի 6 | |||
Նախորդող | Հենրի VIII | ||
Հաջորդող | Ջեյն Գրեյ | ||
Մասնագիտություն՝ | միապետ, ազնվական և գրող | ||
Դավանանք | բողոքականություն | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 12, 1537 (487 տարեկան) | ||
Ծննդավայր | Հեմփթոն Քորթ | ||
Վախճանի օր | հուլիսի 6, 1553 | ||
Վախճանի վայր | Գրինվիչ | ||
Թաղված | Վեստմինստերյան աբբայություն | ||
Դինաստիա | Թյուդորներ | ||
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն | ||
Հայր | Հենրի VIII | ||
Մայր | Ջեյն Սեյմուր | ||
Ինքնագիր | |||
Էդուարդ VI (անգլ.՝ Edward VI, հոկտեմբերի 12, 1537[1], Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - հուլիսի 6, 1553[1], Գրինվիչ, Քենթ, Անգլիա)՝ Անգլիայի և Իռլանդիայի թագավորը 1547 թվականի հունվարի 28-ից, Հենրի VIII-ի որդին։ Ծնվել է թագավորի երրորդ ամուսնությունից՝ Ջեյն Սեյմուրից․ մայրը մահացել է իր ծննդից անմիջապես հետո, ծննդաբերական տենդից։ Գահ է բարձրացել ինը տարեկան հասակում մորեղբոր՝ Սոմերսեթի 1-ին դուքս Էդուարդ Սեյմուրի խնամակալության ներքո, վերջինիս շնորհազրկումից հետո (1549) պատանի թագավորի վրա ազդեցության համար մրցում էին մի շարք այլ ռեգենտներ։
Էդուարդը մանրամասն հետաքրքրվում էր պետական բոլոր գործերով և համոզված բողոքական էր։ Լավ կրթված էր, գիտեր լատիներեն, հունարեն և ֆրանսերեն, թարգմանում էր հունարենից։ Նրա կառավարման շրջանին են վերաբերում բողոքական կատեխիզիսի մշակումը և Աղոթքների գրքի երկրորդ հրատարակությունը, որոնք Միաբանության մասին ակտերին համապատասխան դարձել էին պարտադիր։ Բացի այդ, ժամերգության հետ կապված որոշ բարեփոխումներ, որոնք մոտ էին լյութերականությանը (ի տարբերություն Եղիսաբեթ I-ի օրոք գերակշիռ ունեցող անգլիկանության, որն ավելի կոմպրոմիսային էր կաթոլիկության նկատմամբ), ևս կապվում են նրա անվան հետ։ Նոր աղոթագրքի ներածությունը ապստամբության առաջացրեց Կոռնուոլում և Դևոնում, որը հետագայում դաժանորեն ճնշվեց։ Էդուարդի կրոնական բարեփոխումները նրա մահից հետո վերացվել են մոլեռանդ կաթոլիկուհի, թագուհի Մարի I-ի կողմից, սակայն Եղիսաբեթ I-ի գահակալությունից հետո դրանք դրվեցին Անգլիկան եկեղեցու դավանանքների և ծիսակատարությունների հիմքում[2]։
Մահացել է տուբերկուլյոզից կամ թոքաբորբից կյանքի 16-րդ տարում, երկար հիվանդությունից հետո՝ ժամանակ ունենալով գահի հետագա ժառանգման հարցը լուծելու համար։ Նորթումբերլենդի 1-ին դուքս Ջոն Դադլիի պնդմամբ, նա իրեն հաջորդող է նշանակել լեդի Ջեյն Գրեյին՝ Հենրի VII-ի ծոռնուհուն՝ հավակնորդների շրջանակից բացառելով իր ավագ քույրերին՝ Մարիին և Եղիսաբեթին[3]։ Սակայն ժողովուրդը չի ընդունել լեդի Ջեյնին։ Նրա կառավարումը տևել է ընդամենը ինը օր, որից հետո նա և նրա ընտանիքը, ինչպես նաև Դադլին, ձերբակալվել են պետական դավաճանության մեղադրանքով։ Այսպես է ավարտվել գահաժառանգության 1553 թվականի ճգնաժամն Անգլիայում։ Թագուհի է դարձել Մարին։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազն Էդուարդը ծնվել է 1537 թվականի հոկտեմբերի 12-ին Միդլսեքսում, աթոռանիստ Հեմփթոն Քորթում[5]։ Նա Հենրի VIII թագավորի և նրա երրորդ կնոջ՝ Ջեյն Սեյմուրի որդին էր։ Ամբողջ թագավորությունում մարդիկ ուրախությամբ և թեթևացած ընդունեցին արական սեռի ժառանգի ծննդյան մասին լուրը, ում «այդքան երկար էին սպասել»[6]։ Ծննդաբերությունից հետո արագ ապաքինվելուց հետո Ջեյնը նախապես պատրաստված նամակներ ուղարկեց, որոնցով տեղեկացնում էր արքայազնի ծննդյան մասին, «ով բեղմնավորված է իր և Նորին մեծություն թագավորի միջև օրինական ամուսնությամբ»։ Էդուարդը մկրտվեց հոկտեմբերի 15-ին։ Մկրտության խորհրդին մասնակցել են նրա արյունակից քույրերը՝ լեդի Ելիզավետան, ով պահել էր մյուռոնը, և լեդի Մարին, ով նրա կնքամայրն էր[7]։ Էդուարդը հռչակվեց Կորնուոլի դուքս և Չեստերի կոմս[8]։ Հոկտեմբեր 23–ին Ջեյն Սեյմուրը, հավանաբար, հետծննդաբերական բարդություններից վատառողջ լինելով՝ մահանում է հոկտեմբերի 24-ի գիշերը։ Հենրի VIII-ը Ֆրանցիսկ I–ին գրել է՝ «Աստվածային նախախնամությունը ... իմ ուրախությունը կիսով չափ խառնեց վշտի հետ, քանի որ մահացավ նա, ով ինձ երջանկություն պարգևեց»[9]։
Կրթություն և դաստիարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի ծնե Էդուարդը առողջ և ուժեղ տղա էր։ Հայրը հիանում էր նրանով․ 1538 թվականի մայիսին Հենրին նկատում է՝« Նրան գրկած և պատուհանի մոտ կանգնած․․․դա գրավիչ տեսարան է և մեծ մխիթարություն՝ ժողովրդի համար»[10]։ Սեպտեմբերին լորդ-կանցլեր Թոմաս Օդլին հաղորդում է Էդուարդի արագ ֆիզիկական և մտավոր զարգացման մասին[10], այլ աղբյուրներ նաև նկարագրում են նրան որպես բարձրահասակ և ուրախ երեխայի։ Այն ավանդական կարծիքը, թե Էդուարդը հիվանդոտ է մեծացել, կասկածի տակ է դրվել ժամանակակից պատմաբանների կողմից[11][12][13]։ 4 տարեկանում նա հիվանդացել է կյանքի համար վտանգավոր «քառօրյա տենդով»[14]։ Սակայն, չնայած ապրած հիվանդություններին և վատ տեսողությանը, Էդուարդը գերազանց առողջություն ուներ ընդհուպ մինչև իր կյանքի վերջին 6 ամիսը[15]։
Ի սկզբանե Էդուարդի նկատմամբ հոգաբարձությունը վստահվել է Մարգարետ Բրայանին, ապա նրան փոխարինել է Բլանշ Հերբերտը։ Ինչպես ավելի ուշ գրել է Էդուարդը իր «Տարեգրություններում», մինչև 6 տարեկանը նա դաստիարակվել է «կանանց շրջապատում»[16][17]։ Էդուարդի թագավորական պալատը ի սկզբանե ղեկավարում էր Ուիլյամ Սիդնին, որին հաջորդում է Ռիչարդ Փեյջը՝ Էդուարդ Սեյմուրի կնոջ՝ էն Սթենհոուփի խորթ հայրը։ Իր որդու տանը Հենրին պահանջում էր անվտանգության և մաքրության բացառիկ չափանիշներ․ ընդգծելով սա, նա Էդուարդին անվանում էր «ամենամեծ զարդը ողջ թագավորությունում»[18][19]։ Այցելուները նշել են, որ արքայազնը առատորեն ապահովված էր խաղալիքներով և հարմարություններով, այդ թվում՝ նա իր տրամադրության տակ գուսանների սեփական խումբ ուներ[20]։
Երբ Էդուարդը դարձավ 6 տարեկան, նրա ուսումը շարունակեցին Ռիչարդ Կոքսը և Ջոն Չեկեն։ Ինչպես հիշում էր Էդուարդը, իր կրթության հիմնական շեշտը դրվում էր «սուրբ գրությունների լեզուների, փիլիսոփայության և բոլոր ազատական գիտությունների ուսուցման վրա»[21]։ Եղիսաբեթի դաստիարակներ Ռոջեր Աշեմը և Ժան Բալմանը նրան ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն են սովորեցրել։ Բացի այդ, նա ուսումնասիրել է երկրաչափություն և սովորել է նվագել երաժշտական գործիքների վրա, այդ թվում՝ լյուտնյա և վերջինել։ Էդուարդը գլոբուսներ ու քարտեզներ էր հավաքում և լավ ըմբռնում էր ֆինանսական համակարգը։ Էդուարդի հոգևոր ուսուցումը տեղի է ունեցել բողոքական ուղղությամբ[22]։ Նրա հոգևոր կրթության ուղղությունը, ամենայն հավանականությամբ, որոշվել է արքեպիսկոպոս Թոմաս Կրանմերի՝ բարեփոխումների առաջնորդներից մեկի կողմից։ Նրա դաստիարակներ Ռիչարդ Կոքսը և Ջոն Չեկեն իրենց կրոնական հայացքներով մոտ էին Էրազմ Ռոտերդամցուն և Մարիի օրոք աքսորվել էին։ 1549 թվականին Էդուարդը տրակտատ է գրել Հռոմի պապի մասին՝ որպես հակաքրիստոսի, որտեղ ցույց է տվել իր իրազեկությունը կրոնական վեճերում[23]։ Էդուարդի բազմաթիվ կրոնական դրսևորումները վաղ տարիքում, ըստ էության, կաթոլիկ էին։ Օրինակ, նա մասնակցել է պատարագներին և սրբերի պատկերների և մասունքների հանդեպ տեսանելի ակնածանք է ցուցաբերել[24]։
Էդուարդի երկու քույրերն էլ ուշադիր էին եղբոր հանդեպ և հաճախ էին այցելում նրան։ Նման հանդիպումներից մեկի ժամանակ Եղիսաբեթը նրան «սեփական աշխատանքի» վերնաշապիկ է նվիրել[25]։ 1546 թվականին էդուարդը Մարիին գրել է՝ «Ես քեզ ամենից շատն եմ սիրում»[26][27]։ 1543 թվականին Հենրին իր երեխաներին հրավիրել է Սուրբ Ծնունդն անցկացնել իր հետ՝ դրանով իսկ ցույց տալով իր հաշտությունը նախկինում մերժված դուստրերի հետ։ Հաջորդ գարնանը նա վերականգնեց նրանց գահաժառանգության իրավունքը՝ ստորագրելով գահաժառանգության երրորդ ակտը[en], որով ևս մինչ Էդուարդի չափահասությունը ռեգենտական խորհուրդ էր սահմանվում[28]։ Շատ առումներով այս անսովոր ընտանեկան ներդաշնակությունը Հենրիի նոր կնոջ՝ Եկատերինա Պարրի ազդեցության շնորհիվ էր[29], ում Էդուարդը կարճ ժամանակում հասցրել էր սիրել։ Վերջինս նրան «ամենապատվելի մայրիկ» էր կոչում, և 1546 թվականի սեպտեմբերին գրել է նրան՝ «Ես այնքան շատ լավ բաներ եմ ստացել ձեզանից, որ իմ միտքը պարզապես ի վիճակի չէ դա հասկանալու»[30]։
Էդուարդը կրթվել է ազնվականների որդիների հետ միասին։ Նրանց թվում էր իռլանդական պերի որդին՝ Բարնաբի Ֆիցպատրիկը, որը դարձել է Էդուարդի մտերիմ և հուսալի ընկերը[31]։ Էդուարդն ավելի շատ էր նվիրված իր ուսմանը, քան իր դասընկերները, և թվում էր, թե ուզում է հետին պլանում թողնել նրանց՝ փաստարկելով իր «պարտքը» և փորձելով գերազանցել իր քրոջ՝ Եղիսաբեթի ակադեմիականությունը։ Էդուարդի ննջարանն ու անձնական իրերը թագավորական շքեղ էին. նրա սենյակները զարդարված էին ֆլամանդական թանկարժեք գոբելեններով, իսկ նրա հագուստները, գրքերն ու սպասքը զարդարված էին թանկարժեք քարերով ու ոսկով[32]։ Էդուարդն իր հոր պես հետաքրքրվում էր ռազմական արվեստներով։ Էդուարդի բազմաթիվ դիմանկարներ նրան պատկերում են թանկարժեք քարերով զարդարված ոսկե դաշույնով՝ ընդօրինակելով իր հորը[33][34]։ Էդուարդի «Քրոնիկները» մանրամասնորեն և խանդավառությամբ են նկարագրում Շոտլանդիայի և Ֆրանսիայի դեմ ռազմական արշավները[35]։
«Կոպիտ սիրատածում»
[խմբագրել | խմբագրել կոդը]1543 թվականի հուլիսի 1-ին Հենրի VIII-ը Շոտլանդիայի հետ կնքեց Գրինվիչի պայմանագիրը։ Այդ հաշտության պայմանագրով Էդուարդը նշանադրվում էր յոթ ամսական Մարի Ստյուարտի հետ։ 1542 թվականի նոյեմբերին Սոլուեյ-Մոսսի ճակատամարտում կրած պարտությունից հետո շոտլանդացիների դիրքերը թույլ էին, և Հենրին, ձգտելով միավորել երկու թագավորությունները, պնդեց, որ Մարին բերվի Անգլիա՝ դաստիարակվելու համար[36]։ Երբ շոտլանդացիները 1543 թվականի դեկտեմբերին չեղարկեցին պայմանագիրը և վերսկսեցին իրենց դաշինքը Ֆրանսիայի հետ, Հենրին զայրացավ։ 1544 թվականի ապրիլին նա Էդուարդ Սեյմուրին հրամայեց ներխուժել Շոտլանդիա և «ողջը հրի ու սրի մատնել, այրել Էդինբուրգը, և այն բանից հետո, երբ ամեն ինչ թալանվի ու խլվի այն ամենը, ինչ կարող եք հավաքել, ջնջել այն երկրի երեսից։ Որպես հիշեցում Աստծո վրեժխնդրության, որ նրանց վիճակվել է իրենց ստի և դավաճանության համար»[37]։ Սեյմուրն անցկացրեց ամենադաժան ռազմական արշավը, որը երբևէ անգլիացիները վարել են շոտլանդացիների դեմ[38]։ Պատերազմը, որը շարունակվեց նաև Էդուարդի օրոք, ստացավ «Կոպիտ սիրատածում» անվանումը (Rough Wooing)։
Գահակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]1547 թվականի հունվարի 10-ին, 9-ամյա Էդուարդը Հարթֆորդից նամակ է գրել իր հորը և խորթ մորը, որում շնորհակալություն է հայտնել ամանորյա նվերի՝ նրանց դիմանկարների համար[39]։ 1547 թվականի հունվարի 28-ին Հենրի VIII-ը մահանում է։ Էդուարդ Սեյմուրի և Ուիլյամ Փեջետի գլխավորած՝ գահին մոտ կանգնած մերձավորները պայմանավորվում են, որ նրանք չեն հայտարարի թագավորի մահվան մասին, քանի դեռ գահաժառանգությանը վերաբերող բոլոր պայմանավորվածությունները չեն կարգավորվել։ Սեյմուրը և ախոռապան Էնթոնի Բրաունը[en] ուղևորվում են Հարթֆորդ, որպեսզի Էդուարդին տեղափոխեն Էնֆիլդ, որտեղ ապրում էր Եղիսաբեթը։ Նրանց տեղեկացրել էին իրենց հոր մահվան մասին և կարդացել նրա կտակը[40]։
Լորդ-կանցլեր Թոմաս Ռիզլին հունվարի 31-ին խորհրդարանին հայտնեց Հենրիի մահվան և Էդուարդի՝ գահը ժառանգելու մասին[41]։ Նոր թագավորը տեղափոխվեց Թաուեր, որտեղ նրան ողջունեցին թնդանոթների կրակոցներով ինչպես Թաուերի աշտարակներից, այնպես էլ նավերից[42]։ Հաջորդ օրը թագավորական ազնվականությունը երդում տվեց Էդուարդին, իսկ Սեյմուրը նշանակվեց ռեգենտ[41]։ Հենրի VIII-ը թաղվեց Վինձորում, փետրվարի 16-ին, Ջեյն Սեյմուրի հետ նույն դամբարանում, ինչպես ինքն էր ցանկացել։
Չորս օր անց՝ փետրվարի 20-ին, Էդուարդ VI-ը թագադրվեց Վեստմինստերյան աբբայությունում[43]։ Արարողությունը կրճատվել էր մասամբ այն պատճառով, որ «թագավորը նուրբ տարիքում է», մասամբ էլ այն պատճառով, որ Ռեֆորմացիան արարողության որոշ տարրեր անընդունելի էր համարում[44]։
Թագադրման նախօրեին Էդուարդը Վեստմինստերյան պալատից ձիով անցավ մարդկանց բազմության և թատերականացված ներկայացումների միջով։ Այս ներկայացումների մեծ մասը նվիրված էին նախորդ տղա–թագավորին՝ Հենրի VI-ին[45]։ Նա ծիծաղում էր իսպանացի լարախաղացի վրա, որը Սուրբ Պողոսի տաճարի[en] կողքին «պտտվում էր և խաղում շատ հետաքրքիր խաղալիքներով»[46]։
Թագադրման ժամանակ Կրանմերը հաստատեց Սուպրեմատիայի ակտի գործողությունը և Էդուարդին անվանեց երկրորդ Հովսեփ[47][48]՝ կոչ անելով նրան շարունակել Անգլիկան եկեղեցու բարեփոխումները[49]։ Արարողությունից հետո Էդուարդը Վեստմինստերյան պալատում մասնակցել է իր պատվին կազմակերպված ճաշկերույթին, որտեղ, ըստ նրա Քրոնիկների, ընթրել է՝ թագի գլխին[50]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդը հիվանդացավ 1553 թվականի հունվարին։ Ապրիլին նրա վիճակը ժամանակավոր լավացավ։ Հուլիսի 1-ին, երբ նա վերջին անգամ հայտնվեց հանրության առջև՝ նայելով պատուհանից, նիհար էր և հյուծված, շնչառական խնդիրներ ուներ։ Էդուարդ VI-ը մահացավ 1553 թվականի հուլիսի 6-ին։ Մարմինը դիահերձվեց, և վիրաբույժը որպես մահվան պատճառ հայտարարեց թոքերի հիվանդությունը։ Հնարավոր է, որ խոսքը տուբերկուլյոզի կամ թոքաբորբի մասին էր, խոսակցություններ կային նաև թունավորման մասին, որոնցով ուղեկցվում էին XVI դարում թագավորների և արքայազների գրեթե բոլոր մահերը։
Էդուարդ VI–ը գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկահասակ թագավորի կերպարը գրական ճանաչում է ստացել Մարկ Տվենի Արքայազնը և աղքատը վեպի շնորհիվ։
Կինեմատոգրաֆում և հեռուստաէկրանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոբբի Մաուխ՝ Արքայազնը և աղքատը ֆիլմում (ԱՄՆ, 1937)
- Մարիա Բարաբանովա՝ Արքայազնը և աղքատը ֆիլմում (ԽՍՀՄ, 1942)
- Ռեքս Թոմպսոն՝ Փոքրիկ Բեսսը ֆիլմում (ԱՄՆ, 1953)
- Վիկտոր Սմիրնով՝ Արքայազնը և աղքատը ֆիլմում (ԽՍՀՄ, 1972)
- Նիկոլաս Լինդհյորստ՝ «Արքայազնը և աղքատը» հեռուստասերիալում (Մեծ Բրիտանիա, 1976)
- Մարկ Լեսթեր՝ Արքայազնը և աղքատը ֆիլմում (ԱՄՆ-Մեծ Բրիտանիա, 1977)
- ՈՒորրեն Շեիր՝ Լեդի Ջեյն ֆիլմում (Մեծ Բրիտանիա, 1986)
- Ֆիլիպ Սարսոն՝ «Արքայազնը և աղքատը» հեռուստասերիալում (Մեծ Բրիտանիա, 1996)
- Ջոնաթան Տիմինս՝ Արքայազնը և աղքատը ֆիլմում (Մեծ Բրիտանիա-Հունգարիա, (2000)
- Հյու Միտչել՝ Հենրի VIII հեռուստասերիալում (Մեծ Բրիտանիա, 2003)
- Էյն Մուրթա և Ջեյք Հետեուեյ՝ Թյուդորներ հեռուստասերիալում (ԱՄՆ, Իռլանդիա, Կանադա, 2007—2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ «Эдуард VI». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Erickson, 2005, էջ 121
- ↑ Foister 2006, էջ. 100
- ↑ Loach, 1999, էջ 4
- ↑ Erickson 1998, էջ. 181
- ↑ Loach, 1999, էջեր 4—5
- ↑ Erickson, 1998, էջ 182
- ↑ Skidmore, 2007, էջ 20
- ↑ 10,0 10,1 Loach, 1999, էջ 8
- ↑ Elton, 1977, էջ 372
- ↑ Loach, 1999, էջ 161
- ↑ MacCulloch, 2002, էջ 21
- ↑ Skidmore, 2007, էջ 27
- ↑ Эдуард был так же болен в 1550 и «корью и оспой» в 1552.
- ↑ Skidmore, 2007, էջ 22
- ↑ Jordan 1968, էջեր. 37–38
- ↑ Skidmore, 2007, էջ 23
- ↑ Jordan 1968, էջ. 38
- ↑ Loach 1999, էջ. 9
- ↑ Loach 1999, էջեր. 11–12 ; Jordan 1968, էջ. 42.
- ↑ Jordan 1968, էջ. 40; MacCulloch 2002, էջ. 8
- ↑ Loach 1999, էջեր. 13–16 ; MacCulloch 2002, էջեր. 26–30
- ↑ Skidmore, 2007, էջ 38
- ↑ Skidmore, 2007, էջ 26
- ↑ Skidmore, 2007, էջեր 38–37
- ↑ Loach 1999, էջ. 16
- ↑ Mackie 1952, էջեր. 413–14; Guy 1988, էջ. 196.
- ↑ Starkey 2002, էջ. 720
- ↑ Skidmore, 2007, էջ 34
- ↑ Jordan 1968, էջ. 44
- ↑ Skidmore, 2007, էջեր 35–36
- ↑ Skidmore, 2007, էջ 36
- ↑ Strong 1969, էջ. 92
- ↑ Loach 1999, էջեր. 53–54 Jordan 1968
- ↑ Skidmore, 2007, էջ 30
- ↑ Wormald 2001, էջ. 58
- ↑ Wormald 2001, էջ. 59
- ↑ Strype, John, Ecclesiastical Memorials, vol 2,part 2, (1822), 507—509, 'tua effigies ad vivum expressa.'
- ↑ Jordan 1968, էջեր. 51–52; Loades 2004, էջ. 28
- ↑ 41,0 41,1 Loach 1999, էջ. 29
- ↑ Jordan 1968, էջ. 52
- ↑ Loach 1999, էջեր. 30–38
- ↑ Jordan 1968, էջեր. 65–66; Loach 1999, էջեր. 35–37
- ↑ Loach 1999, էջ. 33
- ↑ Skidmore, 2007, էջ 59
- ↑ Skidmore, 2007, էջ 64
- ↑ MacCulloch 2002, էջ. 62
- ↑ Jordan 1968, էջ. 67
- ↑ Jordan 1968, էջեր. 65–69; Loach 1999, էջեր. 29–38
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Конский П. А., (1890–1907). «Эдуард VI». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Эриксон К. Елизавета I. — М.: АСТ, 2005. — ISBN 5-17-016990-6
- Erickson Carolly. Bloody Mary. — New York: Doubleday, 1998. — ISBN 0-385-11663-2
- Foister Susan. Holbein in England. — London: Tate Publishing, 2006. — ISBN 1-85437-645-4
- Loach Jennifer. Edward VI / Edit by Bernard George, Williams Penry. — New Haven, CT: Yale University Press, 1999. — 210 p. — (Yale English monarchs). — ISBN 0-300-07992-3
- MacCulloch Diarmaid. The Boy King: Edward VI and the Protestant Reformation. — Berkeley: University of California Press, 2002. — ISBN 0-520-23402-2
- Skidmore Chris. Edward VI: The Lost King of England. — London: Weidenfeld & Nicolson, 2007. — ISBN 978-0-297-84649-9
- Elton G. R. Reform and Reformation. — London: Edward Arnold, 1977. — ISBN 0-7131-5953-7
- Guy, John (1988), Tudor England, Oxford: Oxford University Press, ISBN 0-19-285213-2
- Jordan, W. K. (1968), Edward VI: The Young King. The Protectorship of the Duke of Somerset, London: George Allen & Unwin, OCLC 40403.
- Loades, David (2004), Intrigue and Treason: The Tudor Court, 1547–1558, London: Pearson Longman, ISBN 0-582-77226-5
- Mackie, J. D. (1952), The Earlier Tudors, 1485–1558, Oxford: Clarendon Press, OCLC 186603282
- Starkey, David (2002), The Reign of Henry VIII, London: Vintage, ISBN 0-09-944510-7
- Strong, Roy National Portrait Gallery: Tudor and Jacobean Portraits. — Her Majesty's stationery office, 1969. — P. 20. — 394 p.
- Wormald, Jenny (2001), Mary, Queen of Scots: Politics, Passion and a Kingdom Lost, London: Tauris Parke, ISBN 1-86064-588-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ VI» հոդվածին։ |
|