Jump to content

Փոքր Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր Ասիա
Μικρά Ασία
Ողողող ջրեր Սև ծով
Միջերկրական ծով
Մարմարա ծով
Եգեյան ծով
Բոսֆորի նեղուց
Դարդանելի նեղուց
Ընդհանուր մակերեսը 506000 կմ²
Երկիր Թուրքիա Թուրքիա
Փոքր Ասիա (Ասիա)##
Փոքր Ասիա (Ասիա)

Փոքր Ասիա (հուն․՝ Μικρά Ασία), Անատոլիա (հուն․՝ ἀνατολή, թուրքերեն՝ Anadolu), թերակղզի Ասիայի արևմուտքում, ժամանակակից Թուրքիայի տարածքի մեծ մասը[1]։ Երկարությունը արևմուտքից արևելք կազմում է ավելի քան 1000 կմ, լայնությունը՝ 400-ից 600 կմ։ Տարածքը կազմում է 506 հազար կմ2։

«Անատոլիա» բառը հունարենով նշանակում է արևածագ, արևելք։ Անատոլիա հաճախ կոչում են Թուրքիայի ասիական հատվածը[2] (ի տարբերություն Ռումելիայի, որը Թուրքիայի եվրոպական մասն է)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ասիայի ափերը ողողում են Սև, Եգեյան, Մարմարա և Միջերկրական ծովի ջրերը։ Ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի նեղուցների ջրերով, որոնք բաժանում են Ասիան և Եվրոպան։ Թերակղզին, ի տարբերություն ասիական մյուս թերակղզիների, դեպի արևելք է ձգվում։ Փոքր Ասիայի արևելյան սահմանը որպես ֆիզիկաաշխարհագրական զոնա համարվում է Միջերկրական ծովի Իսքենդերուն ծոցից հարավ, հետո 40 0 միջօրեականի և Վանա լճի միջև ընկած տարածքները։ Իսկ հյուսիսում սահմանագիծը համընկնում է Ճորոխի ստորին հոսանքի հետ։ Փոքր Ասիայի ափերի մոտ տեղակայված են Կիպրոս, Հռոդոս և այլ կղզիները։

Թերակղզու ռելիեֆում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Մեծ մասը զբաղեցնում են Փոքրասիական բարձրավանդակի կիսաանապատները իսկ արևելքում՝ Հայկական լեռնաշխարհը։ Փոքրասիական բարձրավանդակի ներքին մասը զբաղեցնում է Անատոլիական սարահարթը, որը եզերված է հյուսիսում Պոնտական լեռներով, հարավում՝ Տավրոսի։ Ափերի երկայնությամբ նեղ ցածրավայրեր են՝ միջերկրածովային բուսականությամբ։

Պոնտական լեռներ

Նեոգենի և երրորդականի ժամանակահատվածում Փոքր Ասիան անջատվել է Բալկանյան թերակղզուց, որի արդյունքում ձևավորվել են Մարմարա և Եգեյան ծովերը, Դարդանելի և Բոսֆորի նեղուցները։ Կոտրատման հետևանքով առաջացել են հրաբխականություն և արևմտյան հատվածում ուժեղ սեյսմիկություն։

Թուրքիայի տարածաշրջանները

Պոնտական լեռները, գրեթե ամենուր, կտրուկ բարձրանում են սևծովյան ծովափին, որոշ տեղերում միայն թողնելով նեղ ծովափեր։ Այստեղ համեմատաբար մեծ են Սամսունը և Սինոպը։

Արևելապոնտական լեռներ

Տավրոսի լեռները նույնպես քիչ կտրատված են, նեղ ափագծերով, բայց որոշ տեղերում առաջացնում են լայն ցածրավայրեր։ Այստեղ համեմատաբար մեծ ծոցերից են Մերսինը և Իսքենդերունը, որտեղ մեծ են Լիկիական և Կիլիկյան թերակղզիները։

Կլիմայական պայմանները բարենպաստ չեն գետային խիտ ցանցի ձևավորման համար։ Փոքրաքանակ գետերը սակավաջուր են և ունեն անկանոն վարք։ Շատ գետեր չորանում են ամռանը ձևավորված անտիցիկլոնի պատճառով։ Ամենամեծ գետերը թափվում են հիմնականում Սև և Միջերկրական ծովերը, ինչպես նաև Տիգրիս և Եփրատ գետերի ավազանը (սրանք պատկանում են Պարսից ծոցի ավազանին)։ Ամենաերկար գետը Կզըլ Իրմակն է, որի երկարությունը կազմում է 950 կմ և թափվում է Սև ծով՝ առաջացնելով ճահճապատ գետային դելտա։ Որոշ գետերի վրա կառուցվել են ամբարտակներ և ջրամբարներ։

Լճային գոգահովիտները ունեն կարստային ծագում։ Գրեթե բոլոր լճերն ունեն անհոսք բնույթ և չափազանց աղի են։ Ամենամեծ լիճը Թուզն է, որը տեղաբաշխված է Անատոլիական սարահարթի միջին մասում։

Տեսարան Կզըլ Իրմակ

Շատ շրջաններում, որտեղ տարածված են կրաքարային նստվածքները, փաստացիորեն բացակայում են մակերեսային ջրերը, ուստի բնակչությունը խմելու և ոռոգման ջրի խիստ պահանջարկ ունի։

Անտառները զբաղեցնում են համեմատաբար քիչ տարածքներ։ Այն և՛ բնական պայմանների հետևանք է, և՛ մարդու կողմից երկարատև անտառահատման։

Փոքրասիական բարձրավանդակը արևելքում գրեթե աննկատ կերպով միանում է Հայկական լեռնաշխարհին։

Իսկ հարավարևմտյան հատվածում լեռները ուղղահայաց են հատվում ծովափին, ուստի դրանց միջև բացականին մեծ ծովախորշեր են առաջանում։ Դրանցից նշանակալի դեր ունի Թուրքիայի համար Իզմիր նավահանգիստը։

Փոքր Ասիան լեռնային բնույթ ունեցող տարածաշրջան է։ Սրա հետ կապված կլիման ունի լեռնային, մասամբ էլ ցամաքային կլիմայի բնույթ։ Ամռանը ներքին ցամաքային շրջաններում եղանակը տաք է և չորային։ Ձմեռները ձյունառատ են և սառը։ Եգեյան և Միջերկրական ծովերի կլիման միջերկրածովային է․ ամառը տաք և չոր, ձմեռը մեղմ և անսառնամանիք, որի ժամանակ կայուն ձնածածկույթ չի առաջանում։ Սև ծովի կլիման չափավոր ծովային է՝ տաք ամառներով և սառը ձմեռներով։ Միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է +5 °C, իսկ հուլիսյանը՝ +23 °C։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 1000—2500 մմ։ Ամռանը միջին օրական ջերմաստիճանը կարող է գերազանցել 30 °C-ը, երբեմն հասնելով մինչև +40 °C-ի։ Թուրքիայի հարավ-արևելքում կլիման արևադարձային-անապատային է։

Անտիկ դասական շրջանը Փոքր Ասիայում
Փոքր Ասիան մթա 550 թվականին, մինչև պարսկական ներխուժումը

Փոքր Ասիա թերակղզու տարածքում ձևավորվել են շատ երկրներ ու թագավորություններ, այդ թվում նաև Խեթական պետություն, Լիդիա, Մարաստան, Աքեմենյաններ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա, Արևմտյան Հայաստան, Ալեքսանդր Մակեդոնացու տերություն, Սելևկյանների տերություն, Պոնտական թագավորություն, Պերգամոն, Հին Հռոմ, Բյուզանդիա, Իկոնիայի սուլթանություն և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Փոքր Ասիա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Փոքր Ասիա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)